Մահացել է Դանա Մազալովան

66 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ ՝ չեխ լրագրող Դանա Մազալովան, տեղեկացնում է News.am-ը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերի իր միկրոբլոկում ցավակցական ուղերձ է հղել անվանի չեխ լրագրողի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է չեխ իրավաբան, անվանի լրագրող Դանա Մազալովան:

Արցախյան ազատագրական պայքարի տարիներին բազմիցս այցելելով Հայաստան և Արցախ՝ Դանա Մազալովան լուսաբանել և հետևողականորեն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններ հաղորդել Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Անկախ դժվարություններից և վտանգներից, որոնց պակասը չի եղել թե պատերազմական գործողությունների ժամանակ և թե հետպատերազմյան շրջանում՝ Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել իսկական լրագրողին բնորոշ լավագույն հատկանիշներով՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ:

Անկեղծ ցավակցություններս եմ հղում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը»: