ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ՋԵՐՄԵՌԱՆԴՈՒԹՅԱՄԲ

«Այսուհետ Երևանում ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու»,- հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքերով, կանաչ գոտիներն այլևս չեն ծառայելու այլ նպատակի։ Ավելին, քարտեզներում որպես կանաչ տարածք նշված, բայց չորացած գոտիները վերականգնվելու են։

«Աշխատանքային շրջայց եմ կատարել Երևանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եմ եղած խնիդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում», - գրել է Մարությանը Facebook-ում, հաղորդում է Sputnik Armenia-ն:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դա լավ է, որ Երեվանի քաղաքապետն ու մայրաքաղաքի աշխատակազմն այդքան սկզբունքային ու հետևողական են կանաչապատման հարցերում: Դա լավ է, որ Երևանի քաղաքապետը սկսել է «աշխատանքային շրջայցեր» կատարել կանաչ գոտիներում, թե չէ առ այսօր նա մի տեսակ նախընտրում էր գորշ ու գարշահոտ՝ աղբանոցային գոտիները։ Միակ բանը, որ փոքր-ինչ վշտացնում է, այն է, որ նրա այցելած տարածքների թվում չկար հենց այն, որը նա խոստացել էր նախնական, կուսական տեսքով երևանցիներին վերադարձնել դեռևս մեկուկես տարի առաջ։ Այ, եթե Հայկ Մարությանն այցելեր Օպերայի հարակից տարածք, ապա քաղաքապետի կանաչապատիչ էնտուզիազմն ու վճռականությունը միանգամից հստակ հաստատում կստանային։

Եթե ոմանք մոռացել են, հիշեցնեմ. անցած տարվա մարտին Երևանի քաղաքապետարանը որոշեց «մաքրել» Օպերայի տարածքը բազմաթիվ սրճարաններից։ Բուլդոզեր բերեցին, սկսեցին ապամոնտաժել, մեծ աղմուկ ու հասարակական արձագանք հարուցեցին։ Իհարկե, հռչակեցին ավերիչ գործընթացի վեհ շարժառիթներ ու նպատակներ. երևանցիներին կվերադարձնենք հանգստի սիրելի վայրը սկզբնական տեսքով, որն ապականել են նախկինները՝ այստեղ կառուցելով հանրային սննդի օբյեկտներ։ Կկանաչապատենք ու կբարեկարգենք տարածքը, կվերականգնենք մշակութային –ճարտարապետական մթնոլորտն Օպերայի շուրջ։ Ընդ որում չենք սահմանափակվի այդ տարածքով, կգնանք առաջ, այլ զբոսայգիներ ու հանգստի գոտիներ, որոնք դարձել են նախկին իշխանության ռեստորանային կառուցապատման բարբարոսական քաղաքականության զոհը։ «Սիրելի երևանցիներ, այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը՝ ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական»։

Եթե ոմանք չեն տեսել, ապա հաղորդեմ, որ ներկայումս այնտեղ շարունակում են աշխատել մոտ մեկ տասնյակ սրճարաններ։ Ըստ էության, «երևանցիների վաղեմի երազանքի» իրականացմանն ու «մշակութային օջախի մթնոլորտի» ստեղծմանը խանգարում էին ընդամենը մեկ-երկու օբյեկտ, որոնց տեղում այժմ ոչ մեծ սիզամարգ է։ Հենց դա և միմիայն դա է (սիզամարգը) այժմ ապահովում բնության ու մարդու ներդաշնակությունը, այդ վայրի նախաստեղծ պատկերը, երևանցիների երազանքը։ Հենց դա և միմիայն դա (սիզամարգը) ազատեց տվյալ տարածքը հանրային սննդի կապանքներից…

Եթե կա մեկը, ով չի հասկանում, թե ինչու Օպերայի հարակից տարածքի նախկին տեսքի վերականգնումը սահմանափակվեց մի զույգ անցանկալի օբյեկտների տարրական վռնդումով, ապա արժե ազնիվ նպատակների և կանաչապատման նախաձեռնության տակ որոնել առևտրային շահ և քաղաքի հայրերի առնչություն այդ շահին։ Քանզի իրականում տեղի ունեցավ այն սրճարանների մրցակիցների պարզ կրճատում, որոնք շարունակում են այդտեղ աշխատել։ Եվ վե՛րջ։ Ահա և ամենը. երևանցիների բոլոր երազանքները, մշակութային մթնոլորտը, կանաչապատման ու բարեկարգման ծրագիրը…

Առհասարակ Օպերայի հարակից տարածքի սրճարանների հետ կապված պատմությունը գործող իշխանության թերևս լավագույն բնորոշիչներից մեկն է։ Երկու տարվա ընթացքում փլուզումից ու ապամոնտաժումից չի խուսափել գրեթե ոչ մի ոլորտ, ավերակներն այժմ արդեն ամենուր են. քաղաքականության, տնտեսության, կրթության, բժշկության բնագավառներում։ Իսկ այ նոր ու կառուցողական որևէ բան չկա ոչ մի տեղ։ Համատարած վանդալի՛զմ։ Ընդ որում՝ ջերմեռանդությամբ։ Այ դրանում հետևողականությունը, վճռականությունն ու սկզբունքայնությունը առավել քան ակներև են։