Ամատունի Վիրաբյանը աշխատանքից ազատելու որոշումը կբողոքարկի դատարանու

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։

«Հրամանը երեկ է եղել, ինձ այսօր են ասել։ Ազատել են հարկեր չվճարելու համար: Այն հարկերը, որոնք բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել, հետո կառավարությունը պահուստային ֆոնդից վճարել է։ Հիմա ես ինչ անեմ, հրամանը կա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը։

Թեև կառավարությունը պահուստային ֆոնդից վճարել է այդ հարկերը, այդուհանդերձ, դա են հիմք ընդունել և միակողմանի լուծարել Վիրաբյանի պայմանագիրը։

«Դա եղել է ԱԱՀ, օրենքն ընդունվել է 2016 թվականին, բայց բյուջեն այդ գումարը չի նախատեսել, նախատեսել էր 2019 թվականից։ 2016-2018 թվականների համար հարկային մարմինը ստուգում է իրականացրել, ակտ է կազմել, դիմել ենք կռավարություն, պահուստային ֆոնդից տրամադրել են այդ գումարը և մենք վճարել ենք, այնպես, ինչպես բոլոր ՊՈԱԿ-ները», - ներկայացրեց Ամատունի Վիրաբյանը։

Արխիվի տնօրենը պատրաստվում է օրենքով նախատեսված բոլոր գործողություններն իրականացնել ապօրինի որոշման դեմ.

«Կբողոքարկեմ դատարանում։ Դա հիմք չէր, այդ դեպքում բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին պետք է ազատեն աշխատանքից»։

Վիրաբյանն ասաց նաև, թե 2001 թվականից պաշտոնավարում է և ընդամենը երկու ամսից լրանալու էր իր պայմանագրի ժամկետը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ պայմանագրի ավարտին մնում էր երկու ամիս, ես խնդրեցի, որ սպասեն մինչև լրանա, բայց իրենք շտապում են, ինչու՝ չգիտեմ», - ասաց Ամատունի Վիրաբյանը։