Հունաստանի ԱԳՆ․ Թուրքիան միակ երկիրն է, որը պատերազմի ճակատ է բացում ամենուր

Թուրքիան միակ երկիրն է, որը պատերազմի ճակատ է բացում ամենուր և սպառնում է իր հարևաններին, եթե դրանք ցանկանում են օգտվել իրենց օրինական իրավունքները: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

Հունաստանի դեմ Թուրքիայի գործողություններն «ուղղված չեն միայն ԵՄ անդամ մի երկրի դեմ», - Դենդիասի խոսքերը մեջբերում է հունական City Times-ը: Ըստ նրա` Եվրոպային անհրաժեշտ է «ամբողջովին դիմադրել Թուրքիայի գործողություններին և վճռականորեն, առանց երկմտելու պատասխան տալ թուրքական մարտահրավերներին»:

«Եվրոպան ունի դա անելու բավականին արդյունավետ հնարավորություն: Ընտրությունը պարզ է. Երկխոսություն` առանց սպառնալիքների և շանտաժի կամ պատժամիջոցների»,- ասել է նա:

Դենդիասի խոսքով` Հունաստանը միշտ պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ, բայց միայն միջազգային իրավունքի շրջանակներում` առանց «շանտաժի ու սպառնալիքների»: «Թուրքիան միակ երկիրն է, որը պատերազմի ճակատներ է բացում ամենուր, միակ երկիրն է, որը սպառնում է իր հարևաններին պատերազմով, եթե դրանք որոշում են օգտվել իրենց օրինական իրավունքներից, ինչը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։