ՀՀՇ-Ն ՀԵՌԱՆՈՒՄ Է, ԹԵ՞ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ

Վարչապետի մամլո քարտուղարի՝ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականի մասին հաղորդագրությունն անակնկալ դարձավ բոլորի համար։ Այն փաստը, որ նա անասելի վատ էր կատարում իր ծառայողական պարտականությունները, շատ հաճախ վարկաբեկելով իր շեֆին իրավիճակին և զբաղեցրած պաշտոնին անհարիր հայտարարություններով, մեկնաբանություններով և պահվածքով, անշուշտ, կասկածից վեր է։

Սակայն ներկայիս իշխանությունների կադրային քաղաքականությունն այնպիսին է, որ եթե անգամ այդ պատճառն արձանագրվում է դիտորդների կողմից, ապա բնավ ոչ որպես գլխավոր։ Մանավանդ որ Կարապետյանի կերպարն ինքնին չափազանց աննշանակալից է նրա հրաժարականի պատճառները լրջորեն քննարկելու համար. միանգամայն այլ հարց է նրա բեքգրաունդն ու սերտ կապվածությունը խորշելի անձանց հետ։ Առաջին հերթին և գլխավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի։

Նորից չենք խորանա Վլադիմիր Կարապետյանի կենսագրության մեջ, որում քիչ չեն սկանդալային դրվագները. այդ մասին բավական շատ է գրվել, այդ թվում նաև «ԳԱ»-ում։ Հիշեցնենք միայն, որ 2008 թվականի փետրվարին նախագահական ընտրություններից հետո նա, այն ժամանակ լինելով ԱԳՆ մամուլի քարտուղարը, բացահայտ աջակցություն ցուցաբերեց Տեր-Պետրոսյանին, հեռացվեց կառույցից, անարդյունք փորձում էր վերականգնվել, իսկ վերջին 10 տարիներին (նախքան «հեղափոխությունը») համակարգում էր արտաքին քաղաքական հարցերը Հայ ազգային կոնգրեսում։

Ուղիղ մեկ տարի առաջ նրա նշանակումը կառավարության ղեկավարի մամլո քարտուղարի պաշտոնում շատերի կողմից ընկալվեց որպես ևս մեկ ապացույց, որ Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած է ՀՀ առաջին նախագահը։ Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ՀԱԿ-ի հետ նույնքան սերտորեն կապված մի շարք անձանց հետագա նշանակումները ԱԳՆ-ի բարձր պաշտոններում լոկ հաստատեցին այդ կարծիքը, ինչպես նաև ուժգնացրեցին այն կասկածները, որ նոր իշխանությունների գլխավոր նպատակը Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոխելն է, մասնավորապես՝ Արցախի հարցում, և դրանով իսկ առաջին նախագահի տխրահռչակ ծրագրերն իրականացնելը։ Ավելին, հեղինակավոր աղբյուրները հավաստիացնում էին, որ այդ գործընթացի հետևում կանգնած է հենց Կարապետյանը՝ Տեր-Պետրոսյանի առաջին ֆավորիտներից մեկը, որը ձգտում է իրեն ենթարկել և վերահսկել արտաքին քաղաքական հարցերը, ակտիվորեն միջամտում ԱԳՆ աշխատանքին, իսկ մասնագիտական հատկանիշներին բացարձակապես ոչ համարժեք հավակնությունները տարածվում են ընդհուպ մինչև արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոն։

Ասվածի լույսի ներքո Կարապետյանի հրաժարականը պետք է դիտարկվի որպես ոչ միայն կառավարությունում և Փաշինյանի շրջապատում առկա որոշակի գործընթացների, այլև արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրվող միտումների վկայություն։ Պաշտոնական հաղորդագրության, ինչպեսև նախկին մամլո քարտուղարի ֆեյսբուքյան գրառման մեջ նույնիսկ ակնարկ չկա պատճառների վերաբերյալ, ինչն ինքնին տարօրինակ է։ Եվ հիմքեր է տալիս դիտարկելու երկու վարկած։

Առաջին. պաշտոնազրկումը տեղի է ունեցել ավելի բարձր պաշտոնում նշանակվելու հեռահար նշանառությամբ. բնականաբար՝ Արտաքին գործերի նախարարությունում։ Միանգամայն հնարավոր է՝ գերատեսչության ղեկավարի, մանավանդ որ հասարակության մեջ ժամանակ առ ժամանակ լուրեր են արտանետվում գործող նախարարի առաջիկա հրաժարականի մասին։ Սա, անկասկած, կնշանակի Տեր-Պետրոսյանի իշխանական դիրքերի ամրապնդում, ԱԳՆ-ի վերջնական հհշկանացում և 20 տարի առաջ առաջին նախագահի հրաժարականի պատճառ դարձած մոտեցումներին վարչապետի նվիրվածության համոզիչ հաստատում։ Ի դեպ, Կարապետյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ ճիշտ և ճիշտ նրա իրական և անփոփոխ շեֆի 75-ամյակի օրը, ինչն առանձնակի խորհրդանշականություն է հաղորդում դրան, եթե ճիշտ է տվյալ վարկածը։

Երկրորդը և, ցավոք, պակաս հավանականն այն է, որ գուցե Փաշինյանը որոշել է ազատվել Տեր-Պետրոսյանի կպչուն պոչափեշից և ցրել այն կասկածները, որ նրա հոգևոր սանն ու ժառանգորդն է նախևառաջ Արցախի հարցում։ Եթե դա այդպես է, ապա պետք է հետևողական ազատման սպասել տեր-պետրոսյանական մյուս կադրերից նույնպես, որոնց ավելի վաղ խցկել են ԱԳՆ։ Այդ թվում՝ սկանդինավյան մի քանի երկրներում որպես դեսպան հարմարավետ տեղավորված, ծայրաստիճան խորշելի Ալիկ Արզումանյանից (հանուն արդարության նշենք, որ նա դեսպան է նշանակվել դեռևս երրորդ նախագահի կողմից, բայց Փաշինյանի օրոք ակնհայտորեն ամրապնդեց իր դիրքերը), Կալիֆոռնիայում գլխավոր հյուպատոսի ոչ պակաս տաքուկ պաշտոնում տեղավորված Արմեն Բայբուրդյանից, ԼՏՊ-ի ևս մեկ սիրելիից՝ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Շուգարյանից, որն իր պարտականությունները կատարում է ապրելով ԱՄՆ-ում, և մի շարք ուրիշներից։

Սակայն կրկնենք. թեև կադրերը, ինչպես միշտ, վճռում են ամեն ինչ, տվյալ դեպքում կարևոր են ոչ թե անձինք, այլ այն քաղաքականությունն Արցախի հարցում, որի կողմնակիցն են նրանք համարվում, լինելով պարտվողական ուղեգծի գլխավոր կրողի համոզված հետևորդները։ Այս իմաստով Վլադիմիր Կարապետյանին մամլո քարտուղարի պաշտոնից հեռացնելը կարող է նշանակել առաջին նախագահի ինչպես վերջնական հեռացում քաղաքական ասպարեզից, այնպես էլ վերջնական վերադարձ։

Նիկոլ Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ դրանով իսկ իր համար հավանական է դառնում 1998-ի փետրվարի սցենարը, բայց միանգամայն հնարավոր է, որ նա արդեն չի վերահսկում գործընթացները, այլ լոկ հնազանդ ու անտրտունջ կատարում է նրա կամքը, ում հասարակության զգալի մասը համարում է իր գաղափարական ուսուցիչը։