ԱՐՍԵՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և հեռանում «Իմ քայլը» խմբակցությունից: Այս մասին նա անձամբ հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում՝ պայմանավորելով այդ քայլը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությամբ։

«Որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»,- գրել է Ջուլֆալակյանը՝ հավելելով, որ կցանկանար, որ մանդատից հրաժարվելու իր քայլը դիտվի որպես հերթական մտահոգիչ ազդակ առ այն, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չի առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքը, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները:

Արսեն Ջուլֆալակյանը երկրորդն է «Իմ քայլի» անդամներից, որ հեռանում է խորհրդարանից ու խմբակցությունից: Առաջինը մեկ տարի առաջ մանդատից հրաժարվեց Էդգար Առաքելյանը, հայտարարելով, որ զուրկ է քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ անձնային որոշ հատկանիշներից... Սակայն Առաքելյանը հասարակական հայտնի կերպար չէր, ուստի նրա ելքը խմբակցությունից և պատգամավորական մանդատից հրաժարումը լայն արձագանք չառաջացրեց:

Իսկ այ Ջուլֆալակյանը... Եվրոպայի, աշխարհի հանրահայտ չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Հավանաբար ցանկացած խմբակցության համար պարծանք է նման ներկայացուցիչ ունենալն իր շարքերում։

Սակայն, կարծում ենք, Ջուլֆալակյանը ոչ այնքան հեռանում է, որքան վերադառնում։ Իրոք որ. ի՞նչ գործ ունի նա այդ թիմում։ Նա ակնհայտորեն իր տեղում չէր, և ավելի շուտ զարմանալ կարելի է, որ այսքան ժամանակ դիմացավ բացարձակ անօգուտ ու իրենց մեծամասնությամբ նույնիսկ վնասակար մարդկանց այդ զանգվածի միջավայրում։

Այսօրվա իշխող խմբակցության անդամ ի սկզբանե չի կարող լինել կենսագրություն ունեցող մարդը, որը մինչ մանդատ ստանալը հասցրել է օգտակար ինչ-որ բան անել իր երկրի համար։ Տիպիկ իմքայլականը կենսագրությունից զուրկ մարդն է, որևէ նվաճում չունեցող ոչ միայն ի շահ երկրի,այլև իր ոլորտում, չբավարարված հավակնություններ ունեցող անձնավորությունը։ Չբավարարված, քանզի մասնագիտական առումով պիտանի չէ, ուստի մտել է պոպուլիստական քաղաքականություն, որտեղ ավելի հեշտ է ինքնահաստատվել, եթե ճիշտ ժամանակին հայտնվես ճիշտ տեղում և ճիշտ պահին գոչես պահանջվող կարգախոսները։ Նախկին դասալիքներ, նեղացածներ... Դե, ի՞նչ գործ ունի Արսենը նման ընկերախմբում:

Համոզված ենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը առ այսօր դեմքով չի ճանաչում այդ խմբակցության ներկայացուցիչների գերակշիռ մասին, որոնց դիմազրկությունը համադրելի է թերևս միայն իրենց հավակնությունների հետ։ Արսենը սպիտակ ագռավ էր նայվում, և կարելի է պատկերացնել, թե որքան անհարմարավետ էր նա զգում իրեն, երբ Նիկոլի ոստիկանները ոլորում էին (փորձում էին ոլորել) Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանի ձեռքերը, երբ չէր կարողանում իր աջակցությունը հայտնել հացադուլ հայտարարած աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին, երբ ստիպված էր քվեարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին…

Քննարկվում են տարբեր վարկածներ, թե կոնկրետ ինչն է առիթ ծառայել նման քայլի համար, բացի Ջուլֆալակյանի մատնանշած գործոններից, բայց կարծում ենք՝ ամեն ինչ կարող է շատ ավելի պարզ լինել. վերջիվերջո, այնպիսի կենսագրություն ունեցող մարդկանց համար, ինչպիսին Արսեն Ջուլֆալակյանն է, պիտի որ պարզապես նվաստացուցիչ լինի Արման Բաբաջանյանի հետ նույն դահլիճում նստելը, և առավել ևս՝ Արման Բաբաջանյանի հետ համատեղ քվեարկելը։ Դա անպարկեշտություն է, ուստի չեմպիոնի վերադարձը պարկեշտ մարդկանց խմբակցություն կարելի է միայն ողջունել։

Ի դեպ, շատերն ասում են, որ Արսեն Ջուլֆալակյանը կարող էր վարվել Արման Բաբաջանյանի պես, այսինքն դուրս գալ խմբակցությունից, իսկ մանդատը վայր չդնել։ Օրենքը թույլ է տալիս։ Բայց նա չէր կարող։ Դարձյալ նույն պատճառով։ Արսենը չէր կարող վարվել Արմանի պես. նա առանց պատգամավորական մանդատի, առանց ծախված կեղծ քաղաքական կարիերայի էլ կայացած մարդ է։ Սա՛ է տարբերությունը։

Основная тема:
Теги: