Լիբանանի նախագահը հրդեհի բռնկման երկու վարկած է առաջ քաշել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հրդեհը մարվել է: Դեպքի վայրում իրենց աշխատանքն են շարունակում ռազմական ուղղաթիռները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով MTV հեռուստաալիքին:

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը բռնկվել է ավտոմեքենաների անվադողերի և յուղերի պահեստում, որը գտնվում է նավահանգստի տարածքում։

Ընդ որում Լիբանանի նախագահ Միշել Աունը, հանդես գալով երկրի Պաշտպանության գերագույն խորհրդի նիստին, որը նվիրված էր Բեյրութի նավահանգստում հրդեհի հետևանքների դեմ պայքարի միջոռացումներին, հատուկ ծառայություններից պահանջել է օպերատիվորեն պարզել, թե ինչն է դարձել հրդեհի պատճառը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նավահանգստում բռնկված հրդեհը կարող է լինել կանխամտածված դիվերսիա կամ անզգուշության հետևանք: Ամեն դեպքում մենք պետք է ամենակարճ ժամկետում պարզենք, թե ինչն է եղել բռնկման պատճառը, և պատասխանատվության կանչենք մեղավորներին»,- հայտնել է Աունը, որի խոսքերը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Բեյրութի նավահանգստում որոտացել էր հզոր պայթյուն, որի ալիքը ոչնչացրել էր հազարավոր տներ, ավելի քան 300 հազար մարդ դարձել է անօթևան։ Մահացել է 190 մարդ, տուժել է 6,5 հազար քաղաքացի։ Լիբանանի ՆԳՆ–ի տվյալներով, պայթյունի պատճառը զոդման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիումի սելիտրայի բռնկումն էր, որը պահվում էր նավահանգստում, տեղեկացնում է Newsarmenia.am։