ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին խորհրդակցության հավաքեց կառավարությունում և որոշեց նրանց հետ քննարկել կարևորագույն խնդիր. պետգնումների գործընթացի օպտիմալացումը, արդիականացումը, «ապակոռումպացումը»։ Ուղիղն ասենք. ոլորտը վաղուց հատուկ ուշադրության ու վերահսկողության կարիք ուներ, ոլորտը վաղուց արդեն կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության հիմնական աղբյուրներից մեկն է։ Ավելին, հաշվի առնելով հակակոռուպցիոն հեղափոխական օրակարգը, հենց այս ոլորտում էր, որ ներկայիս իշխանությունը պետք է, ինչպես ասում են, արդյունքը ցույց տար, արդարացներ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության վերաբերյալ համաքաղաքացիների հույսերը։

Հիշենք, թե ինչպես էր սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե երկրում իսպառ արմատախիլ է արված կոռուպցիան։ Հետո, երբ կոռուպցիոն գործերով մեկը մյուսի հետևից սկսեցին անցնել նոր իշխանության ներկայացուցիչները, սրբագրեց իր այդ դիրքորոշումը, ընդգծելով, թե երկրում չկա համակարգային կոռուպցիա։ Արդյունքում պարզվեց, որ այդ մասին էլ նա խոսում էր տաք գլխով։ Մեկը մյուսի հետևից բացահայտվում ու մերկացվում էին կոռուպցիոն մեխանիզմներ՝ ցույց տալով երևույթի համակարգային բնույթը։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարն ընկած էր թավիշի հիմքում, այնպես որ հրաժարվել պայքարից՝ կնշանակեր հրաժարվել հեղափոխական իդեալներից։ Արդյունքում այս կառավարության հակակոռուպցիոն հաջողությունների նշաձողը կոռուպցիան արմատախիլ անելուց սահուն կերպով իջեցվեց մինչև դրա նվազեցում։ Ասենք, պայքարի գլխավոր նպատակ էլ դարձավ ոչ թե բուն կոռուպցիան, այլ կոռուպցիոն ռիսկերը։ Այնպես որ միանգամայն արդիական էր պետգնումների ոլորտին առնչվող խնդիրների քննարկումը, որտեղ թաքնված է կոռուպցիոն ռիսկերի հսկայական ներուժ։

«Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»,- այդ խորհրդակցության ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ցանկանալ, ինչպես ասում են, դեռ չի նշանակում՝ անել։ Անել, նշանակում է՝ ստանալ արդյունք: Տվյալ դեպքում՝ համակարգի մրցակցային բարձր մակարդակ և կոռուպցիոն ռիսկերի ցածր մակարդակ ապահովող ճկունության, արդարության տեսքով։ Բայց…

Պետգնումների հետ կապված իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլև առհասարակ ավելի է վատթարացել, քան նախկինում էր։ Բանն այն է, որ «մեկ աղբյուրից» սկզբունքով և առանց մրցույթի իրականացվող գնումների մասով արձանագրվել է առավել քան էական քանակական աճ։ Այստեղ ուղղակի ընդգծենք, որ այդ սկզբունքով պետգնումների իրականացումը դեռ վաղուց արժանանում էր միանգամայն արդարացի բուռն քննադատության, քանի որ կապակցվում էր ատկատների ու ապօրինի պայմանավորվածությունների, կոռուպցիայի և մրցակցության բացակայության հետ։ Եվ ահա պարզվում է, որ այդ հարցում (մեկ աղբյուրից պետգնումների կազմակերպման) ներկայիս կառավարությունն առհասարակ տվել-անցել է «էքսերին»։ Համաձայն Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (CEDI) տվյալների, որը վկայակոչում է Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալները, մեկ աղբյուրից արված պետգնումների գումարը 2017-ին կազմել է 103,9 մլրդ դրամ, իսկ 2019-ին աճել է գրեթե 70%-ով ՝ հասնելով 178,7 մլրդ դրամի։ Ավելին, գնումների ֆինանսական ծավալների նման աճի խորապատկերին արձանագրվել է այդօրինակ գործարքների քանակի, ճիշտ է՝ ոչ մեծ, բայց կրճատում։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր այդպիսի գործարքի համար հատկացվել է շատ ավելի մեծ գումար, քան նախկինում։

Կրկնեմ, խոսքն առանց մրցույթների իրականացվող գնումների ընթացակարգի մասին է, ինչը կոռուպցիոն տեսանկյունից համարվում է առանձնակի ռիսկային։

Իհարկե, կարելի է ժամերով, օրերով, տարիներով խոսել այս կառավարության հակակոռուպցիոն նվաճումների մասին։ Կարելի է խոսել պետգնումների համակարգը ճկուն ու մրցունակ դարձնելու անհրաժեշտության մասին։ Բայց արդյունքն ախր հակառա՛կն է վկայում։ Համակարգում ռիսկերը ոչ թե նվազել են, այլ ավելացել։

Այսօր գնալով ավելի հաճախ է կարծիք հնչում, որ այս իշխանությունը նախորդից ոչ մի բանով լավը չէ, որ երկրում ոչինչ չի փոխվել։ Ամենևի՛ն, այն էլ ինչպե՜ս է փոխվել։ Սակայն, ինչպես ցույց են տալիս փաստերը, փոխվել է դեպի վատը։ Նույնիսկ այն ոլորտներում, որոնք ընկած էին թավշե օրակարգի և հեղափոխական կարգախոսների հիմքում։

Основная тема:
Теги: