«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՐԴԵՆ 5-ՐԴ «100 ՓԱՍՏ»-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍԻ ՄԻՋՈՑՈՎ

«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական ասուլիսը, որի ընթացքում կհրապարակի նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, ասուլիսը կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այս ընթացքում համապատասխան օղակները զբաղված են փաստերի ի մի բերման գործընթացով:

Թերթին փոխանցել են նաև, որ նոր «100 փաստ»-ի մեջ գլխավորապես ներառված և հանգամանալից ներկայացված են լինելու կորոնավիրուսային համավարակի շրջանում «հակահամաճարակային և հակաճգնաժամային միջոցառումների» շրջանակում իրականացված քայլերը։

Հանձնարարվել է հատուկ բացվածքով ներկայացնել, թե առանձին ոլորտներում ինչ կարգավորումներ ու աջակցություններ են տրամադրվել կառավարության կողմից, որպեսզի Փաշինյանն ասելիք ունենա։

Ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների՝ ասուլիսը նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի սկզբին այն հաշվարկով ու հույսով, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կհասնեն նվազագույնի, իսկ համավարակի երկրորդ ալիքը դեռևս սկսված չի լինի:

Aysor.am