Ալկոհոլի արտադրությունն ընկել է 40 անգամ, 40 աշխատակցից 39-ն աշխատանքից ազատվել է․ տնօրեն

Ալկոհոլի արտադրության շրջանառությունը տարեկան կտրվածքով ընկել է 40 անգամ, 40 աշխատակցից 39-ն աշխատանքից ազատվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ptghni Gold ձեռնարկության տնօրեն Նորայր Բալյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային ճգնաժամը մինչ այժմ հաջողվել է մեղմել առկա ռեսուրսների հաշվին վաճառվել է սարքավորումների մի մասը՝ գոնե նվազագույն չափով արտադրությունը չընդհատելու համար:

«Այժմ որոշում է ընդունվել վաճառքի հանել ձեռնարկությունը՝ բրենդի հետ միասին, եւ վերապրոֆիլավորել գործարանը՝ դարձնելով այլ՝ ալկոհոլային ոլորտի հետ կապ չունեցող արտադրություն: Մեր ձեռնարկությունը շատ ճգնաժամեր է տեսել, այդ թվում 2008 եւ 2013 թվականներին, եւ ամեն անգամ հաղթահարել է դրանք, այս դեպքում ամեն ինչ բարդացնում է ծայրահեղ անորոշությունը։ Ծրագրել էինք խաղող մթերել այգեգործներից, սակայն ֆինանսական միջոցների բացակայությունը այդ հնարավորությունը չտվեց»,-նշեց Բալյանը:

Նորայր Բալյանը պարզաբանեց, որ ձեռնարկությունն իր միջոցներով աջակցել է աշխատակիցներին ՝ հույս ունենալով, որ կպահպանի նրանց աշխատատեղերը՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ, պետությունից, սակայն, գործարանն օգնություն չի ստացել:

NEWS.am-ի հետ զրույցում «Արենիի գինու գործարանի» տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը, իր հերթին, հայտնեց, որ արտադրանքի իրացումը սերտորեն պայմանավորված է զբոսաշրջիկների հոսքով, ուստի ճգնաժամի պայմաններում ձեռնարկությունն աշխատում է նախորդ տարվա հզորությունների 30 տոկոսի չափով:

«Խաղողի մթերման մակարդակն այս տարի, նախորդի համեմատ, իջել է 70 տոկոսի, այսինքն՝ գրեթե 200 տոննա, մեկ կգ դիմաց 250 դրամով: Խաղողագործները Վայոց ձորից են, պայմանագրերը ստորագրված են, նրանց հետ աշխատում ենք վաղուց»,-նշեց նա:

Սիմոնյանը նշեց, որ իրենց գործարանը եւս ստիպված է եղել կրճատել աշխատակիցներին. 13-ից աշխատում է 8-9 մարդ:

«Հուսով եմ՝ մինչեւ տարեվերջ կհաջողվի վերականգնել ծավալները: Ինչ վերաբերում է աջակցության ծրագրին, մենք դրանից օգտվել են, այն ինչ-որ չափով մեղմել է իրավիճակը»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսին կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով աջակցություն է ցուցաբերվում խաղողագործներին, գինեգործներին ու կոնյակագործներին:

Օժանդակության տրամադրման ձեւերը եւ դրանց պայմանները հետեւյալն են՝ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ,վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս։

Չնայած դրան՝ խաղողագործները պարբերաբար դժգոհություն են հայտնում՝ կապված խաղողի մթերման ցածր գնի հետ՝ բողոքի ակցիաներ անցկացնելով, ինչպես տեղի ունեցավ այսօր, երբ Շահումյան գյուղի բնակիչները փակեցին Երեւան-Երասխ մայրուղին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am