Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առաջին անգամ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելեցին Գուրգեն Ալավերդյանին։ Բացի այդ, այցեր են եղել նաև Ադրբեջանում ձերբակալված մյուս ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ։

Ամատունու խոսքով` Ալավերդյանից բացի, մյուսներին այցելել էին նաև կորոնավիրուսի օրերին։

Ի դեպ, Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:

Նրանցից Գուրգեն Ալավերդյանը, ՊՆ տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու ժամանակ մոլորվել էր ու հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դեպքից շուրջ մեկ ամիս անց` սեպտեմբերի 15-ին, դատախազությունը հայտնեց, որ Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):