ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս. թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով՝ հրետակոծելով և օդային հարվածներ հասցնելով ԼՂՀ բնակավայրերին: Ադրբեջանը հերթական անգամ, 2016 թ. ապրիլից և 2020 թ. հուլիսից հետո, ձախողում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Ադրբեջանի հիմնական նպատակն է ձախողել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, բռնի ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը և ցեղասպանության ենթարկել նրա հայ բնակչությանը: Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային՝ փորձելով հասնել ՀՀ-ի նկատմամբ ճնշումների գործադրմանը:

Ադրբեջանական կողմը մերժում է տեխնիկական և մասնագիտական ռեսուրսների կիրառմամբ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, ինչը հղի է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքով:

Ըստ արժանվույն գնահատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ կոչ ենք անում նրանց.

- կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակի կայունացման և Լեռնային Ղարաբաղում խաղաղության դեմ ուղղված սադրանքներ թույլ չտալու համար,

- հրատապ կարգով բարձրացնել շփման գծի երկայնքով ԵԱՀԿ կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունավետությունը և ներդնել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության համապատասխան մեխանիզմներ՝ հրադադարը խախտողի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությամբ,

- վերականգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների լիիրավ կողմի կարգավիճակը։

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան համոզված է, որ տարածաշրջանային պատերազմի վտանգի կանխման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման միակ միջոցը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրի մշակումն ու ստորագրումն է։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ