Գոհար ՄԵԼՈՅԱՆ. «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԼՈԿ ՍԿԻԶԲՆ Է»

ՄԻԵԴ-ի տեքստում մի որոշակի բան տարակուսանք է առաջացնում

Օրերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Հայաստանը պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումները Հայաստանի և Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով, պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնպահ մնալ անխտրական հարձակողական գործողություններից և խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներն ու բնակավայրերը որպես թիրախ օգտագործելուց:

Մեր մշտական զրուցակիցը՝ սահմանադրական իրավունքի փորձագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համանախագահ Գոհար ՄԵԼՈՅԱՆԸ մեկնաբանել է իրավիճակը «ԳԱ»-ի դատական մեկնաբանի հետ զրույցում։

աշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը՝ 7 դատավորներից բաղկացած պալատի կազմով, որոշել է կիրառել դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը: Նման խախտումները կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն, ՄԻԵԴ-ը կոչ է անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների ոտնահարման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը:

Այսպիսով, միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ դիմումը բավարարվել է: Այս կապակցությամբ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն իրավաբաններին, որոնք աշխատել են դիմումի վրա և շարունակում են պաշտպանել ՀՀ շահերը վարույթի ընթացքում։ Դրանում խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների կամ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) կոպիտ ու լպիրշ խախտման դեպքերին:

Վստահ եմ, որ այս գործում մեր գլխավոր հաղթանակները դեռ առջևում են։ Ռազմաճակատում թշնամու ջախջախմանը զուգահեռ՝ պետք չէ մոռանալ այլ ճակատների, այդ թվում իրավականի մասին, որը հետագայում առանցքային նշանակություն է ունենալու։ Այդուհանդերձ տարակուսանք է առաջացնում, որ ՄԻԵԴ-ը դիմումի վերաբերյալ իր որոշման մեջ մատնանշել է նաև դիմող կողմի՝ Հայաստանի պարտավորությունները։ Նման բան նախկինում երբեք չի նկատվել։

Ճիշտ է, մենք որոշակի նախադեպ ունենք՝ կապված Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկման հանրաքվեի առնչությամբ Ուկրաինայի ՄԻԵԴ դիմելու հետ։ Այն ժամանակ նույնպես ՄԻԵԴ-ը կայացրեց երկու երկրներին՝ Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող վճիռ: Այսինքն միջանկյալ միջոցներ կիրառվեցին հակամարտության երկու կողմերի նկատմամբ։ Սակայն մեր պարագայում միանգամայն այլ իրավիճակ է, որը ոչ մի կերպ համադրելի չէ վերոնշյալի հետ։ Քազի նախևառաջ կասկած չկա, թե ով է ագրեսորը, ինչի վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, և թե ինչ կորուստներ է դա պատճառել Արցախի խաղաղ բնակչությանը։ Տպավորություն է ստեղծվում, որ ՄԻԵԴ-ը տեղի ունեցածին արձագանքել է որպես քաղաքական և դիվանագիտական կառույց, այլ ոչ թե որպես իրավական, ինչպիսին այն առաջին հերթին պետք է լինի։

Անհասկանալի է նաեվ կիրառվող միջոցի բովանդակությունը, որում առկա է միայն եվրակոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները խախտող գործողություններից զերծ մնալու կոչ։ Չէ՞ որ առանց դրա էլ ցանկացած երկիր պետք է զերծ մնա նման գործողություններից։ Հետևաբար, հրապարակված տեքստից պարզ չէ, թե ինչ նոր սահմանափակումներ կձեռնարկվեն Ադրբեջանի նկատմամբ, որոնք նախկինում չեն եղել։ Այնինչ հենց դա պետք է հստակ հնչեր։

Չեմ կարող ուշադրության չառնել նաև տեղի ունեցող ամենի նկատմամբ ՆԱՏՕ-ի դաշինքի արձագանքը, որի անդամն է Թուրքիան։ Չնայած նրան, որ հակամարտության մեջ այդ երկրի ներգրավվածությունը կասկածից վեր է, ՆԱՏՕ-ն նույնիսկ չփորձեց ազդել իր դաշնակցի վրա։ Ասենք, ՄԱԿ-ը նույնպես կարող էր կողմնորոշվել և նշել Արցախում հակամարտության բռնկման իրական մեղավորին։ Իսկ այն, ինչ հնչեցվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ընդամենը հերթապահ, ոչ մի բանի չպարտավորեցնող արձագանք էր։

Վերջում ուզում եմ հավելել, որ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը ՄԻԵԴ-ում գործընթացի լոկ սկիզբն է, որն անհրաժեշտ է շարունակել՝ ամրապնդելով ադրբեջանական վայրագ զինուժի հանցագործությունների մասին հավաստի նյութերով: Մեր իրավաբանների աշխատանքը շարունակվում է, և հուսով եմ, որ հիմնական գործի շրջանակներում ՄԻԵԴ-ը չի խուսափի իրական արդարադատություն իրականացնելուց և կարձանագրի Ադրբեջան ագրեսոր երկրի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների փաստերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Основная тема:
Теги: