Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Հայստանը որոշել է հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջան»,– ասաց նա։

Իսրայելի այս գործելաոճը, ՀՀ ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ, անընդունելի է Հայաստանի համար, ինչի հետևանքով էլ Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը դեռ 2019 թվականի սեպտեմբերին էր որոշել դեսպանատուն բացել Իսրայելում։ 2020թ–ի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը պետք է լիներ Թել Ավիվում (մինչ այդ նստավայրը Երևանում էր), տեղեկացնում է Sputnik Armenia։