ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միջամտություն

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դեր խաղալ իրավիճակի լիցքաթափման գործում: Այս մասին ուրբաթ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Այո, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դեր խաղա՝ ապաէսկալացիային նպաստելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության հետ, ըստ որի՝ սիրիացի գրոհայինները Թուրքիայի տարածքով տեղակայվել են Ղարաբաղում:

Ինչպես ասվում է գագաթնաժողովի հայտարարության մեջ, «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել իրենց հավատարմությունը կայուն հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:

«Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ՝ առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդը հայտնում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին (Ժոսեպ Բորել՝ խմբ.) ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը», - ասվում է փաստաթղթում, տեղեկացնում է Aysor.am-ը։