ԱՀ նախագահ. Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ–ի կառավարումը դառնում է պետական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ–ի կառավարումը դառնում է պետական։ Մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար։

 


Այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանն իր Facebook–յան էջում։

«Հարգելի ՛ հայրենակիցներ, ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը», – նշել է նա:

Հարությունյանը նաև ավելացրել է, որ սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական:

«Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են», – ընդգծել է Արայիկ Հարությունյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։