Ակցիա Բրյուսելում՝ աջակցություն հայտնելու Հայաստանին և Արցախին

Երեկ՝ Եվրոպական միության գագաթնաժողովի առաջին օրը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում  հարյուրավոր հայեր և օտարերկրացիներ խաղաղ ցույց են իրականացրել, որի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Արցախին։

ԵՄ մայրաքաղաքում անցկացված ակցիայի մասնակիցները խաղաղության կոչեր են արել, իրենց հետ տարել «այսօր Արցախը, վաղը՝ Բրյուսելը. հերիք է նորմալացնեք պատերազմը», «ոչինչ չանելով՝ դուք ուղղակիորեն աջակցում եք տեռորիզմին», «նրանք պետք է հասնեն Վիեննայի դարպասների՞ն, որ դուք զարթնեք»…. գրությամբ պաստառներ։

Ակցիայի մասնակից Լիլիթ Բաբայանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նպատակն էր Եվրոպային հայության ձայնը լսելի դարձնելը։ Ըստ վերջինիս՝ Բրյուսելի հայ կոմիտեն նախապես կոչ էր արել հայերին և այլ ազգերին մասնակցել Հայաստանի և Արցախի խաղաղության համար իրականացվող ցույցին։ «Մասնակիցների և հետաքրքրվածների թիվը մի քանի հարյուրի էր հասնում, երեկոյան տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 600 հոգի»,- նշեց Լիլիթը։

Լիլիթ Բաբայանի խոսքով՝ երեկվա ակցիային ներկա են եղել նաև Բելգիայի քաղաքական գործիչներ, որոնք խոսել են Թուրքիայի քաղաքական գործելաոճի, Էրդողանի վարած քաղաքականության մասին։ Քաղաքական գործիչները և հայ համայնքի ներկայացուցիչները ելույթներում մի քանի անգամ նշել են, որ Արցախում ընթացող պատերազմը չի վերաբերում միայն Հայաստանին, այն վերաբերում է նաև Եվրոպային։ «Մեզ Բելգիայում ընդունեցին որպես խաղաղ ժողովուրդ և ընկեր, երեկվա ցույցը ևս խաղաղ անցավ, ատելության կոչեր չէին արվում, մեր կոչը խաղաղության համար էր, որպեսզի ԵՄ անդամ երկրները հարցին ավելի լուրջ նայեն»,- զրույցի վերջում նշեց ակցիայի մասնակիցը։