ՊՆ-ն լրատամիջոցներին կոչ է անում Արցախից ուղիղ հեռարձակումներ չանել

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ում կատարած գրառմամբ լրատամիջոցներին կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախից ուղիղ հեռարձակումներ իրականացնելուց։

«Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից»,– ասված է հայտարարության մեջ։

ՊՆ–ն կոչ է անում դադարեցնել ուղիղ հեռարձակումները, քանի որ դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է Sputnik Armenia։