ՄԵԿ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆ» ԷԼ ՁԵԶ ԲԱՎԱԿԱՆ Է. ԻԼՀԱՄԸ, ՓՈԼԱԴԸ ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն

Փետրվարի 4-ին լրացավ աշխարհում ամենահայտնի այծանման ձայնի տիրոջ՝ Փոլադ Բյուլբյուլօղլուի 75-ամյակը։ Այդ նշանակալի առիթով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն արժանացավ չտեսնված պատվի. նախագահ Իլհամ Ալիևը նրան անձամբ շնորհեց «Հեյդար Ալիև» շքանշան, իսկ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան շնորհավորական գրառում արեց իր Ինստագրամում։ Պատկերացնո՞ւմ եք, թե միանգամից քանի Ալիև ընկավ նախկին երգչի ալեհեր գլխին, երջանկացնելով նրան։ Իսկ թե ինչ կլիներ, եթե նաև Լեյլա Ալիևան ոտանավոր նվիրեր նրան, ընդհանրապես դժվար է պատկերացնել. երևի այդ օրը Մուսան չէր այցելել Լեյլային…

Բայց Բյուլբյուլօղլուն առանց ոտանավորի էլ անչափ հուզվեց։ Նույնիսկ հնարավոր է, որ այդ պատիվներն ընդունեց որպես նշան այն բանի, թե իրեն թույլ կտան ևս մեկ-երկու տարի մնալ դեսպանի պաշտոնում, չնայած Ալիևների թիմում կադրերի երիտասարդացման գործընթացին։ Ավելին, այն աստիճան արիացավ, որ համարձակվեց մեկնել Արցախի սահման, վրան զինվորական համազգեստ քաշել ու ճառ արտասանել զինվորների առջև։ Նրան դա անել սովորեցրել է Իլհամ Ալիևը, որը, ինչպես հայտարարեց Բյուլբյուլօղլուն, իր ծննդյան օրը միշտ անցկացնում է զինվորների և փախստականների հետ, այդպիսով ստեղծելով «սքանչելի ավանդույթ»։

Ահավասիկ Փոլադն էլ որոշեց հետ չմնալ սիրելի առաջնորդից, միաժամանակ քծնողաբար ապացուցելով նրան իր անխորտակ նվիրվածությունը։ Պետք է ընդունել, որ կարծես թե պատկառելի և ինքնաբավ 75-ամյա մարդն այդ առումով լիովին կարող է մրցակցել Ադրբեջանի ամենահայտնի ստորաքարշ Ֆաթեհ-Ֆաթուլլաևի հետ, բայց եկեք չանդրադառնանք հարևան երկրի ազգային ավանդույթների ինտիմ առանձնահատկություններին։

Ճիշտ է, «սոխակի որդին» զինվորների առջև չերգեց. ձայնն արդեն, ըստ երևույթին, այն չէ, բայց նրանց հետ թեյ խմեց, տորթ կերավ և նույնիսկ պարեց։ Եվ հետն էլ հեռվից հիացավ արցախյան լեռներով ու «բիզիմդիրեց», կիսելով նվիրական երազանքը։ Իմ գլուխգործոցը, ասում է, կլինի հաղթանակի օրհներգը Ղարաբաղում։ «Ես ինքս կկատարեմ այդ քայլերգը։ Երազում եմ, որ մենք վերադառնանք Ղարաբաղ, Շուշի և Ջիդիրի դաշտավայրում անցկացնենք հիանալի միջոցառումներ, կրկին կազմակերպենք «Հարիբյուլբյուլ» փառատոն»,- զգացմունքներին տրվեց Փոլադը։

Երազելն, իհարկե, վնասակար չէ։ Թող շոյի սեփական ինքնասիրությունը երգեցիկ դեսպանը, որը մերթընդմերթ հանդես է գալիս կա՛մ մարդասեր խաղաղարարի դերում, կամ ռազմաշունչ կոչ նետում ցեղակիցներին իր մոսկովյան աշխատասենյակից, ռազմական ագրեսիայի հրահրելով Արցախի ժողովրդի դեմ։ Ընդ որում չխորշելով ամեն հարմար առիթով նվնվալ, թե չի կարողանում այցելել հոր գերեզմանը Շուշիում, թեև բոլորին էլ հայտնի է, որ Բյուլբյուլ մականունով նրա հայրիկը թաղված է Բաքվի գերեզմանոցի Պատվո ծառուղում։ Ըստ էության, Ալիևի հրամաններին խստիվ համապատասխան հերթագայող այդ դերակատարումներով էլ սահմանափակվում է Փոլադի «հաղթական» գործունեությունը հանուն Ղարաբաղի։

Հաղթանակի թեման չենք մեկնաբանի՝ դրա բացարձակ զառանցալիության պատճառով։ Իսկ այ «Բյուլբյուլօղլուի գլուխգործոցը» բավական հետաքրքրաշարժ է հնչում, եթե հաշվի առնենք, որ աշխարհը մի անգամ արդեն երջանկություն է ունեցել ըմբոշխնել նման մի բան նրա կատարմամբ։ Դա 2017 թվականին էր, երբ Ալիևը մտադրվեց իր համար գնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց պատկերավոր, սակայն միանգամայն ճշգրին ասած՝ բաց թողեց «այծին բանջարանոց»։ Արդյունքում տիրոջ կամքին հնազանդ Փոլադ Բյուլբյուլօղլուն ստիպված եղավ կազմակերպության Փարիզի նիստին տանջալից ընթերցել ռուսերեն տառերով գրված իբր անգլերեն տեքստը, դրանով իսկ օր ծերություն խայտառակվելով բառացիորեն աշխարհով մեկ։ Առաջարկում ենք ընթերցողներին կրկին հիանալ այդ հիրավի դարակազմիկ ելույթով, ևս մեկ անգամ հասկանալու համար, թե հատկապես ինչ է նշանակում «գլուխգործոցը» ադրբեջանցի երգիչ-դիվանագետի կատարմամբ։ Եվ հետն էլ՝ կարդալու բազմաթիվ նվաստացուցիչ ու ծաղրալի մեկնաբանությունները, որոնցից ամենաանմեղը, օրինակ, հետևյալն է. «Մուտկոն նրա խորապատկերին Բայրոն ու Շեքսպիր է՝ միասին վերցրած»։

Այնպես որ, ոնց էլ շրջես, իր գլուխգործոցը՝ առանց որևէ չակերտների, Փոլադ Բյուլբյուլօղլուն արդեն թողել է մարդկությանը։ Ընդ որում՝ հիրավի անկրկնելի։ Ճիշտ է, Արցախի հետ դա բացարձակապես կապ չունի։ Ինչպեսև, ասենք, 75-ամյա դեսպանի երազանքները, որը ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ, որ Ղարաբաղում գրեթե 26 տարի առաջ հաղթանակ է տարել հայ ժողովուրդը, իսկ օրհներգը գրվել ու ամեն օր գրվում է ազատ Արցախում։ Ուր խցկվել խորհուրդ չի տրվում ո՛չ իրեն՝ Բյուլբյուլօղլուն, ո՛չ էլ իր տիրոջը։