Արմենուհի ԿՅՈՒՐԵՂՅԱՆ. ԽԱԽՏՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿՐՈՒՄ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՆ Է

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշումը կայացվել է մի շարք խատումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը` անդրադառնալով հանրաքվե անցկացվելու որոշմանը:

«Բացակայում է համապատասխան գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, ակնհայտորեն չի կատարվել Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ կետի պահանջը. Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Երկրում հերթական անգամ խախտվում է սահմանադրական կարգը, և այս ամենի նպատակը երկրում միանձնյա ղեկավարություն, միապետություն հաստատելն է»,-ասաց նա:

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ այս իշխանությունը մոռացել է, որ իրենց հայտարարած հեղափոխությունը կոչված էր երկրում օրենքի գերակայություն հաստատելու: «Ստացվում է, որ սահմանադրական կարգի տապալմամբ, երկրի մայր օրենքի կոպտագույն խախտումներով փորձում են երկրում օրենքի գերակայությո՞ւն հաստատել: Այս ամենը ապացուցում է, որ իմքայլականները, նրանց ղեկավարը շատ լավ հասկացել են, որ իրենց վարկանիշն օր օրի ընկնում է և փորձ են անում հանրաքվեի, քարոզարշավի օգնությամբ նորից դուրս գալ հանրության առաջ և հերթական ճոռոմախոսությամբ խաբել ժողովրդին, հնարավորինս դանդաղեցնել իրենց վարկանիշի անկումը: Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ է վարչապետը հերթական ֆեյսբուքյան կոչով շեղում հանրությանը հանրաքվեի հիմնական հարցից, այն կոչում հեղափոխությանը «Այո» ասելու հանրաքվե: Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ է այդ նույն մարդը դիմում սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց կանչում մասնակցելու ապրիլի 5-ի հանրաքվեին: Չէ՞ որ իրենց վկայակոչած բարձր տոկոսները նրանք ստացել էին առանց դրսի այդ ձայների»,-ասաց նա:

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ հանրաքվեի անցկացման որոշումը ուղերձ է միջազգային հեղինակավոր կառույցներին, ԵԽԽՎ-ին, Վենետիկի հանձնաժողովին, նրա նախագահին առ այն, որ մեր իշխանությունները չեն կարևորում նրանց կարծիքը, որ մեր իշխանությունները ամեն հակաօրինական քայլերի պատրաստ են, միայն թե իրենց ղեկավարի անհատակ ախորժակը բավարարվի:

«Մյուս կողմից, եթե հանկարծ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն հաստատվի, ապա կունենանք մի բավականին երկար ժամանակահատված, երբ երկրում չի գործի սահմանադրական դատարանը, չի ստուգվի երկրի օրենսդիրի և գործադիրի ընդունած որոշումների սահմանադրականությունը: Հենց սա էլ ամենամեծ վտանգն է մեր երկրի համար: Հարց է ծագում. արդյո՞ք հենց դա չէ հանրաքվեի անցկացման իսկական պատճառը, արդյո՞ք մեր երկրի իշխանությունները ինչոր թաքուն ծրագրերի իրականացման համար չեն սկսել այս գործընթացըՄի գուցե ինչ–որ հակազգային, հակապետական որոշումներ Արցախի հարցի, եկեղեցու, ազգային արժեքների վերաբերյալ»,- ասաց նա և նշեց, որ եթե նման բան լինի, ապա օրվա իշխանությունները դրանով կստորագրեն իրենց իսկ դատավճիռը:

«Պետք է մասնակցել քարոզարշավին, հանրությանը ներկայացնել առաջարկվող փոփոխությունների իրական վտանգները, հանդիպել բնակիչներին՝ մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք, համայնք առ համայնք՝ ինչպես կասեր մեր Քաջ Նազարը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ հանրությունն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը, ինչքան էլ դա դժվար լինի իրականացնել այս կարճ ժամանակում:

Ինչ վերաբերում է նախագահի կողմից հանրաքվեի նախագիծը ստորագրելուն, ապա Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ թեև չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, սակայն նշեց, որ մեր Սահմանադրությունն իրոք կարիք ունի լուրջ պաշտպանության, կարիք ունի պետականությունը գնահատող, պետության հզորազումը արժևորող, սահմանադրականության պահպանումը գնահատող ուժեղ նախագահի:

«Չկա չարիք առանց բարիքի: Այս հանրաքվեն պետք է համախմբի ազգային անվտանգության, տնտեսության զարգացման, ազգային արժեհամակարգի պահպանման, Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, դատաիրավական համակարգի անկախության համար պայքարող բոլոր ուժերին: Ես համոզված եմ, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք այս բոլոր հարցերը լուծելու կարողություն, ցանկություն և կամք ունեցող օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ»,-ասաց նա:

Tert.am