ՀՀ ԱԳՆ. Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը

Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար:

Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: