Կանադան և Բրիտանիան սատարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը Ղարաբաղի վերաբերյալ

«Կանադան և Մեծ Բրիտանիան կրկին կոչ են անում դադարեցնել շարունակվող ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա շուրջ: Այս մասին ասվում է Կանադայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի և Դոմինիկ Ռաաբի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք հատկապես մտահոգված ենք բնակելի տարածքների գնդակոծման մասին հաղորդագրությունների կապակցությամբ և ցանկանում ենք ցավակցել զոհվածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունները և հետևեն հրադադարի մասին համաձայնագրին:

Մենք վճռականորեն սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին և երկու ազգերի ընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը` ռազմական գործողությունների ավարտին աջակցելու և զերծ մնալու գործողություններից, որոնք կարող են սրել ճգնաժամը:

Հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ժամանակը: Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` առանց նախապայմանների այդ նպատակի իրականացման ուղղությամբ աշխատելու համար», տեղեկացնում է News.am: