ԵԱՀԿ ԽՎ նախագահը կրկին Արցախում կրակի դադարեցման կոչ է արել

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին կրկնել է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները ի շահ խաղաղ բնակչության դադարեցնելու և բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ վերսկսելու իր կոչը՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան:

Անցած շաբաթվա ընթացքում Ծերեթելին անմիջական կապի մեջ էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, որպեսզի ընդգծի ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը և երկու կողմերին կոչ անի վերսկսել բանակցային գործընթացը:

«Մենք շարունակում ենք լուրջ մտահոգություն ունենալ հակամարտության հետ կապված զոհերի աճի համար, մասնավորապես՝ տեղական բնակչության վրա ազդեցության համար, որը, չնայած խաղաղ բնակչությանը պաշտպանելու պարտավորությանը, շարունակում է տառապել շարունակվող մարտերից»,- ասել է Ծերեթելին: «Մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև համապատասխան երկրների նախագահների և արտգործնախարարությունների կոչը անվերապահ հրադադարի մասին»:

Նա նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի օգտագործման մասին հաղորդագրությունների կապակցությամբ` նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն 2008 թ. ընդունել է բանաձև` ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրներին կոչ անելով «արգելել կասետային զինամթերքի օգտագործումը, զարգացումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահեստավորումը կամ տեղափոխումը», տեղեկացնում է News.am:

Ծերեթելին կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ այդ զենքի օգտագործումից և ամբողջությամբ կատարել միջազգային իրավունքի պահանջները՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Միանգամայն անընդունելի է, որ տարածաշրջանում կան կարևոր ենթակառուցվածքներ ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել մարդասիրական աղետների: Ուժի շարունակական օգտագործումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը,- ասել է Ծերեթելին: «Ի վերջո, ուժի ցանկացած շարունակական օգտագործումը վնասակար կլինի առաջիկա տասնամյակների ընթացքում հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար՝ անկախ հակամարտության արդյունքներից: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի օգնենք հաշտության քաղաքական կամք մշակել»:

«Որպես երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է կողմերի խնդրանքով անցկացնել խորհրդարանական բանակցություններ»,- հավելել է գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան: «Խորհրդարանական երկխոսությունը կարող է կարևոր դեր ունենալ կապի ուղիների վերականգնման գործում, երբ Մինսկի խմբում վերսկսվի բանակցային գործընթացը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

«Ես կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն հետևողականորեն աջակում է ԵԱՀԿ կառույցների և մեխանիզմների աշխատանքին, որին մասնակից պետությունները վստահել են լուծել այս հակամարտությունը»,- ասել է Մոնտելլան: «Բացի այդ, ԽՎ-ն նաև պատասխանատու է ուժեղ և թույլ կողմերի վերլուծության համար` կազմակերպչական հնարավորությունները առավելագույն արդյունավետությամբ ուղղորդելու նպատակով: Սա հատկապես կարևոր է նման իրավիճակներում»: