Ստեփանակերտ. Էրդողանն ու Ալիևը պետք է կանգնեն միջազգային դատարանի առջև

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները պետք է կանգնեն միջազգային դատարանի առջև: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը հրետակոծում է բնակավայրերը, բացառապես քաղաքացիական օբյեկտները: «Դա տակտիկա է և ռազմավարություն, դա նրանց մտածելակերպն է, հոգեբանությունը՝ հարձակվել խաղաղ բնակիչների, դպրոցների ու մանկապարտեզների վրա: Չի ստացվի: Որքան շատ են փորձում վախեցնել, այնքան կոշտ պատասխան են ստանալու: Իսկ այն, ինչ անում են Ալիևն ու Էրդողանը՝ մեր օրերի հանցագործները, մեծ վնաս է հասցնում բանակցային գործընթացին: Իսկ նման հանցագործությունների համար նրանք պետք է պատժվեն: Ցանկալի է, որ կանգնեն միջազգային դատարանի առջև: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը համագործակցում է ահաբեկիչների հետ, առանց գործընկերներին տեղեկացնելու ահաբեկիչների հետ պայմանավորվածություն է ձեռքբերում, ագրեսիվ պատերազմ սկսում, սպառնալիքի տակ դնում ողջ աշխարհը, ապա նախադրյալներ է ստեղծում երրոդ համաշխարհային պատերազմի համար: Վսահ եմ, որ նրանք պատիժ կկրեն՝ առնվազն Աստծո դատաստանի առջև»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը, տեղեկացնում է News.am։