Ադրբեջանցիները նորից թիրախավորել են Շուշին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը նորից թիրախավորել են Շուշին։

«Հասկացեք` ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցն էլ Ստեփանակերտից է հաղորդում, որ թշնամին նորից է հրթիռակոծում Արցախի մայրաքաղաքը։

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ թշնամին կրակ է բացում Շուշիի ու Ստեփանակերտի ուղղությամբ։

Շուշին առաջին անգամ հրթիռակոծեցին հոկտեմբերի 4-ին, արդյունքում եղան զոհեր և վիրավորներ։ Հրթիռակոծությունը շարունակվեց նաև երեկ` հոկտեմբերի 6–ին։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա այն ադրբեջանցիների թիրախում հայտնվեց պատերազմական գործողությունների հենց առաջին օրը` սեպտեմբերի 27–ին։ Սկզբում թշնամին հրետակոծում էր քաղաքը, իսկ մի քանի օրվա դադարից հետո` հոկտեմբերի 5–ից սկսած` գրեթե անընդմեջ հրթիռակոծության է ենթարկում այն։