ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել Ղարաբաղը զերծ պահել վարձկաններից ու ահաբեկիչներից

Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների՝ ԼՂ հակամարտության տարածք մուտք գործելու փորձերը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի ժամանակ։

«25 տարի շարունակ մենք համատեղ ուժերով ստեղծել ենք մեխանիզմներ՝ ուղղված ԱՊՀ անդամ երկրների տարածքում մադու իրավունքների պաշտպանությանը և մենք այսօր չենք կարող ու չպետք է թողնենք, որ դրանք ավերվեն։ Հիմա առաջնահերթ խնդիր է պաշտպանել մարդկանց, ապահովել նրանց արժանապատիվ, խաղաղ ու անվտանգ կյանքի իրավունքը, այդ թվում ճնշելով հակամարտության տարածք մուտք գործելու ցանկացած փորձ ՝ վարձկանների, ահաբեկիչների ու այլ անձանց կողմից, որոնք շահույթ են ստանում զենքի ապօրինի շրջանառությունից և ֆինանսավորում են ահաբեկչական գործողություններ»,- ասել է գլխավոր դատախազը, տեղեկացնում է Panorama.am։