ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղի հարցով առաջիկա հանդիպումներին

ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել առաջիկա հանդիպումներին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ձևաչափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին:

«ԱՄՆ-ը, որպես համանախագահ, կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հրավիրված հանդիպումներին»,- ասել է ԱՄՆ ԱԳՆ պաշտոնյան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունները:

Ֆրանսիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում: ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին համանախագահում է Մինսկի խմբում:

«Միացյալ Նահանգների դիրքորոշումը հստակ է և որևէ փոփոխության չի ենթարկվել՝ երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան բովանդակալից բանակցությունների: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է երկու կողմերին օգնություն ցուցաբերելուն՝ հակամարտության խաղաղ և կայուն լուծմանը հասնելու համար»,- ասել է դիվանագետը:

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն «հակամարտության երկու կողմերին կոչ է արել վերադառնալ բովանդակալից բանակցությունների՝ Մինսկի խմբի հովանու ներքո», տեղեկացնում է News.am։