ԱՅԺՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐՆԵՐԸ ՃԱՄԲԱՐԱՎՈՐՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...

Հիշո՞ւմ եք, անցած տարի նոյեմբերին ծանուցվեց, որ Հայաստանում անցկացվելու է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» 11-րդ համաժողովը, որն այդպես էլ տեղի չունեցավ:

Այդ կապակցությամբ այն ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց. «Հայաստանում այդ ֆորումը չի լինելու, քանի որ ես կարծում եմ, որ տվյալ պահին նպատակահարմար չէ դա անցկացնել մեր երկրում՝ հաշվի առնելով ռիսկերը և անվտանգության հարցերը»: Օսիպյանը նշեց նաև, որ ոստիկանությունը բացատրական աշխատանք է տարել կազմակերպիչների հետ, որպեսզի այդ միջոցառումը չանցկացվի երկրում: Այդպիսով ուղղակիորեն կապելով վերոնշյալ ֆորումի անցկացման աննպատակահարմարությունը հասարակության կողմից գործադրվող ճնշման հետ, որն այդ առնչությամբ ցուցաբերեց քաղաքացիական, բարոյական, քրիստոնեական հստակ դիրքորոշում, ինչն առնվազն պետք է հարգել. այլապես ի՞նչ ժողովրդավարության մասին կարելի է առհասարակ խոսել:

Թե ինչով է հիմա զբաղված Օսիպյանը, հայտնի չէ, և առանձնապես հետաքրքիր էլ չէ, փոխարենը՝ հայտնի է, որ մարտի առաջին օրերին մեզանում այստեղ ճամբար են անցկացնելու տրանսգենդերները՝ իրենց առաջնորդ (առաջնորդուհի) Լիլիթ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ, որին մտապահել ենք անցած տարի խորհրդարանում ունեցած իր սկանդալային ելույթով: Նա հայտարարեց, թե Հայաստանում ԼԳԲՏ հանրության համար եկել է «պատմություն կերտելու» ժամանակը: Մեջբերում եմ ոչ բառացի, բայց իմաստը հենց դա էր:

Եվ ահա մարտի 1-3-ին Հայաստանում կանցկացվի «տրանսգենդերների ճամբար», որի կազմակերպիչը Լիլիթ Մարտիրոսյանի գլխավորած «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունն է։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ճամբարի անցկացման նպատակը տրանսգենդեր համայնքի ներուժն ու հանրապետության քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում նրանց ներգրավվածությունը բարձրացնելն է: Հաղորդագրությունում նաև ասվում է, որ նախապատվությունը կտրվի փախստականներին և սեքս-աշխատողներին: Անչափ եռանդուն են ձեռնամուխ եղել «պատմություն կերտելուն». խոսք չկա:

«Այս միջոցառումը լիովին տեղավորվում է հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանության մեջ, - «ԳԱ» -ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ ԱՅՎԱԶՅԱՆԸ:- Այսպես կոչված թավշե հեղափոխությունից հետո արևմտյան «արժեքները» նոր իշխանությունների նախաձեռնությամբ սկսեցին ակտիվորեն առաջ մղվել որոշումների և օրենքների, միջազգային կոնվենցիաների տեսքով, և համապատասխան կազմակերպությունները կանաչ լույս ստացան՝ պետմարմինների համար մշակելու տարբեր օրինագծեր ու ծրագրեր: Խոսքը ԼԳԲՏ կազմակերպությունների մասին է, որոնք զբաղվում են համասեռամոլների, լեսբուհիների, տրանսգենդերների և այլոց հատուկ իրավունքների առաջմղմամբ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Իսկ ի պատասխան հասարակական հզոր դիմադրության՝ Արևմուտքը կարծես ասում է. մե՛նք ենք որոշում, թե ինչ արժեքներով դուք պիտի ապրեք: Եթե մենք ուզում ենք, որ այստեղ տրանսգենդերների ճամբար լինի, ապա այն կլինի: Արևմտյան տիկնիկավարներն իրենց տեր ու տիրակալ են զգում «նոր Հայաստանում», իսկ նրանց տեղի սպասավորները հնազանդորեն կատարում են այն ամենը, ինչ հրամայում են անդրօվկիանոսյան տերերը...»:

Հ.Այվազյանի խոսքերով, սա իրական մարտահրավեր է Հայաստանի ժողովրդին (ասել է թե. կանենք՝ ինչ ցանկանանք) և ամենաիսկական օկուպացիա: Այսօր կանցկացնեն տրանսգենդերների ճամբար, վաղը, եթե նույն այդ տրանսգենդերները ցանկանան շքերթով անցնել Հանրապետության հրապարակով, դա նույնպես կարվի:

«Տեղի ունեցող ամենի մեջ կա նաեվ մեկ այլ կարևոր նրբերանգ: Քանի որ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում Արցախի հարցով, ամենակներև կերպով օրակարգ է մտցվում Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությունը բանակցություններին, և այդ գործընթացները չեն կարող չմտահոգել հայ հասարակայնությանը. «տրանսգենդերների ճամբարի» կարգի միջոցառումներով լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին հանրային ուշադրության շեղումն է Ղարաբաղյան հիմնախնդրից,- շարունակում է Հ.Այվազյանը: - Կազմակերպիչները և կատարողները գերազանց գիտակցում են, որ ԼԳԲՏ հանրության միջոցառումը կհարուցի ծայրաստիճան բացասական արձագանք և քննարկումներ, որոնք կլցնեն տեղեկատվական դաշտը՝ որոշակի չափով շեղելով հասարակության ուշադրությունը արցախյան թեմային առնչվող մտահոգիչ գործընթացներից։ Ես համոզված եմ, որ ամենամոտ ապագայում աճելու է արևմտյան վերահսկիչների ճնշումը ԼԳԲՏ հանրության հատուկ իրավունքների առաջմղման հարցում. նրանք կսկսեն ավելի համարձակորեն առաջ հրել իրենց ծրագրերը։ Չեմ զարմանա, եթե վաղը, տրանսգենդերների ճամբարից հետո, ծանուցվի Հայաստանում գեյ-շքերթ անցկացնելու մասին:

Այսօր անհրաժեշտ է, որ մարդիկ արձագանքեն անչափ գիտակցված: Այդ ամենի մեջ կա մի դրական պահ՝ ամփոփված նրանում, որ մարդկանց աչքերը բացվում են, նրանք սկսում են իրական կյանքում տեսնել կատաղի գեյ-քարոզչության պտուղները: Ուշադրություն դարձրեք. մեր խորհրդարանի պատգամավորները լրատվական տարածքում արդեն բացահայտ և հրապարակավ խոսում են հայկական դպրոցներում այնպիսի առարկայի դասավանդման հնարավորության մասին, ինչպիսին սեռական դաստիարակությունն է, որում պետք է կետեր ներառել գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման վերաբերյալ: Վերջերս այդ թեմայով դատողություններ էր անում ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Այսինքն իշխանություններն արդեն չեն թաքցնում իրենց ծրագրերը, և վաղը իրական կյանքում մեր համաքաղաքացիները կտեսնեն նրանց գործունեության պտուղները: Իհարկե, չի կարելի աչք փակել այս ամենի վրա, և տեղեկատվական դաշտում պետք է արձագանքել ըստ հարցի բուն էության: Բայց վերջնական արդյունքում մեր խնդիրն է, ինչպեսև ցանկացած օկուպացիայի դեպքում, անել ամեն ինչ, որպեսզի ազատվենք այդ օկուպացիայից...»: