«Էրեբունի» ԲԿ–ի տնօրենը խոսեց վիրավոր ռուս լրագրողների վիճակի մասին

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ վիրավորված ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկի վիճակը ծանր է, բայց այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Մանուկյանը։

Կոտենոկին այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել սանավիացիայի ուղղաթիռով։ Եվս երկու ռուս լրագրողի տեղափոխել են առավոտյան 6-ին։

«Երեք լրագրող է տեղափոխվել մեզ մոտ։ Երկուսը ձախ ձեռքի վնասվածքներ ունեն։ Նրանց հաջողությամբ վիրահատել են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում։ Մենք արդեն մշակել ենք վերքերը։ Հիմա հիվանդասենյակներում են, նրանց վիճակը կայուն է», - ասաց Մանուկյանը։

Բժշկի խոսքով՝ Կոտենոկը բեկորային վնասվածք ունի կրծքավանդակի հատվածում և բավական շատ արյուն է կորցրել։ Նրան վիրահատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։

«Այժմ նա անհրաժեշտ հետազոտություններ կանցնի, ավելի ուշ վերակենդանացման բաժանմունք կտեղափոխվի բուժումը շարունակելու համար», — ասաց Մանուկյանը:

Բժիշկը հավաստիացրեց, որ բժշկական կենտրոնը լիովին պատրաստ է բուժումը կազմակերպել բարձր մակարդակով:

Մանուկյանի խոսքով` Ստեփանակերտում պրոֆեսիոնալ բուժօգնություն է ցուցաբերվել բոլոր պացիենտներին։ Արցախում են լավագույն մասնագետները, որոնք բարդ վիրահատություններ են իրականացնում` փրկելով վիրավորների կյանքը։