Վալերի Տոլստովը բարեգործական համերգների շարք է պատրաստում՝ ի աջակցություն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու

Հայտնի երաժիշտ, ֆլեյտահար, հայկական ծագում ունեցող Վալերի Տոլստովն ակտիվորեն հետեւում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա ֆեյսբուքում պարբերաբար կիսվում է իր գրառումներով։

Այժմ նա կոչ է անում մասնակցել բարեգործական ակցիային՝ ի նպաստ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու եւ արցախցի փախստականների, տեղեկացնում է News.am։

«Թանկագին հայ (եւ ոչ միայն) երաժիշտներ Շվեյցարիայում։ Մենք բարեգործական համերգների շարք ենք պատրաստում Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելու եւ Շուշիի եկեղեցու վերականգնման համար, որը խիստ վնասվել է գնդակոծությունների հետեւանքով։ Եթե դուք ցանկություն ունեք մասնակցելու, խնդրում ենք գրել: Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ Toni Areal Zurich-ում», - գրում է Տոլստովը։ Նա նաեւ հավելել է. «Ես համերգ չեմ ունեցել այն պահից, երբ կարանտին հայտարարվեց։ Շատ ցավալի է, որ դրանք կվերսկսվեն այդ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ Մենք բոլորս հույս ունենք, որ պատերազմը շատ շուտ կավարտվի»։