Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՓԽՐՈՒՆ Է, ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պայմանավորվածությունը շատ փխրուն է։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Այս մասին ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» և «Տողերի արանքում» հաղորդաշարերի Արցախից հեռարձակվող համատեղ թողարկման ընթացքում։

Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բանակցությունները շատ երկար են տևել և բարդ են ընթացել։ Այդ մասին է վկայում նաև այն, որ հանդիպման ընթացում չի հաջողվել համաձայնեցնել հրադադարի դետալները, և դա թողնվել է առանձին համաձայնեցման։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրել համատեղ հայտարարության մի քանի դրույթների վրա։

«Նախաբանը ոչ միայն որպես հարգանքի տուրք հենվում է ՌԴ նախագահի մինչ այդ արված ուղերձի, այլև կողմերի հետ ՌԴ նախագահի պայմանավորվածությունների վրա։ Սա նշանակում է, որ արտգործնախարարների մակարդակը բավարար չեղավ՝ հասնելու այս պայմանավորվածությանը, կամ համատեղ հայտարարությանը»,- նշել է Բեքարյանը՝ հավելելով «Սա թույլ է տալիս մտածելու, որ գործընթացն ունի երկու կողմ՝ հիմա հայտարարվածը և ինչ-որ բան, որ հայտարարված չէ»։

Նա հատուկ ուշադրություն է հրավիրել, որ մարդասիրական հրադադարի պահպանման և գերիների փոխանակման միջնորդությունը պատվիրակված է «Կարմիր Խաչին»։

«Սա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, որ օրինակ՝ «Կարմիր Խաչն» իր կանոնակարգերով սրա հետ ավելի ծանոթ մարմին է, դա իր գործառույթն է, իր մասնագիտական կարողությունը և այլն։ Բայց այստեղ կարող է լինել նաև այլ մեկնաբանություն՝ այնքան փխրուն է ամեն ինչ, որ նույն, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը ոչ միարժեք է ստանձնում պատասխանատվությունը կրակի դադարեցման ռեժիմի համար»,- նշել է Կարեն Բեքարյանը։

Նա հստակ շտապողականություն է արձանագրում բանակցային գործընթացին անցնելու և հնարավոր արդյունքների հետ կապված։

«Դասական տարբերակով կրակի դադարեցումից հետո բավական մեծ անելիք կա՝ լոգիստիկայի, կոմունիկացիայի վերականգնման, ապա միայն բանակցային գործընթացը լիարժեք իմի բերելու հետ կապված»,- ասել է Բեքարյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ հայտարարության մեջ կարծես հրադադարի հաստատման և բանակցությունների մեկնարկի միջև ժամանակային տարբերություն չի նախատեսվում։

Բեքարյանը չի բացառել, որ սա կարող է չլինել այս գործընթացի միակ փաստաթուղթը։ Սակայն այս պահի դրությամբ, այս փաստաթղթի վրա հենվելով, նշել է «Թուրքիայի կարգավիճակը փոխելու, նրան բանակցային գործընթաց ինչ-որ կարգավիճակով բերելու, նրա ներգրավվածությունն ավելացնելու Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր նկրտումներն առնվազն ֆորմալ իմաստով ի չիք դարձան։ Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ Արցախի Հանրապետության լիարժեք վերադառնալը բանակցային սեղան այս պահին հայտարարության չորրորդ կետը բացառում է»։

Վերլուծաբանը նշել է, որ ասելիքը, վերլուծելիքը չափազանց շատ է, սակայն կրակի դադարեցման պայմանավորվածությունը շատ փխրուն է, մենք գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ։

«Պատերազմին զուգահեռ մենք դիվանագիտական ճակատում աննկարագրելի մեծ հարցեր ունենք, խնդիրներ ունենք, որոնք պետք է այժմ առաջ մղվեն պատերազմական ռեժիմին յուրահատուկ հետևողականությամբ։ Ողջ ասելիքը դեռ կսպասի»,- ամփոփել է նա։

Tert.am