Արայիկ Հարությունյան. «Քիչ առաջ վերադարձա Հադրութից»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրադադարի պայմանավորվածությունների ու դրանց խախտման մասին կխոսի վաղը` հոկտեմբերի 11-ին, ժամը 10։00–ին։

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ` այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Հարությունյանի ասուլիսը նախատեսված էր այսօր առավոտյան, հետո հայտնի դարձավ, որ հետաձգվել է։ Արցախի նախագահն ավելի ուշ գրեց, որ տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված` ժամը 17:00-ին նախատեսված ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ: Նախագահը խոստացել էր, որ ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահի, տեղեկացնում է Sputnik Armenia։