ԱՀ ՄԻՊ․ Հադրութում Ադրբեջանի դիվերսիոն խումբը տանը սպանել է մորը ու նրա հաշմանդամ որդուն

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook–յան իր էջում։

«Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում», – նշել է Բեգլարյանը, տեղեկացնում է Newsarmenia.am: