ՀՊԱՐՏՆԵՐԻՆ՝ ՓՉՈՑՆԵՐ, ԻՍԿ ԻՐԵՆՑ՝ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ

ԱԺ-ում մարդիկ հաղթահարեցին աղքատությունը իրենց գլուխներում՝ հունվարի 17 աշխատանքային օրերի համար ինքնապարգևատրվելով 174 միլիոն դրամով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, նշելով, որ ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է…

Իսկույն մտաբերեցինք իմքայլականների ավելի քան մեկ տարվա վաղեմության հայտարարությունները, երբ հասարակայնությունն առաջին անգամ տեղեկացավ աստղաբաշխական պարգևավճարների մասին, և աներևակայելի աղմուկ բարձրացավ։ Նորաթուխ «պատգամավորուհի», իշխանության խմբակցության դեռևս անփորձ ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում իր առաջին ճեպազրույցներից մեկի ժամանակ, մեկնաբանելով մարզպետարաններում պարգևատրումների վերաբերյալ տեղեկատվության հետևանքով առաջացած փոթորիկը,  հակիրճ հայտարարեց, թե իբր՝մենք կտրված չենք մեր քաղաքացիներից և հաշվի կառնենք նրանց կարծիքը։ «Հանրության ընկալումը չափազանց կարևոր է մեզ համար, և երբ ասում եմ, որ մեր խմբակցությունում այդ հարցը կքննարկենք և կտեսնենք, թե ինչ սահմանափակումներ կարող ենք մտցնել օրենքի դաշտում, հենց դա նկատի ունեմ, որ անպայման հանրության կարծիքը պետք է հաշվի առնենք»,- ասաց Լիլիթ Մակունցը 2019 թվականի հունվարի 22-ին։ Բայց, ինչպես ասում են, հանրության կարծիքը դա նրանց կարծիքն է, ում չեն հարցնում։

Ուշադրություն դարձրեք այդ հայտարարություն-խոստման ամսաթվին։ Այդ օրից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն ոչ մի օրենսդրական նախաձեռնություն այդպես էլ չի հաջորդել ո՛չ իշխանության խմբակցության, ո՛չ կառավարության կողմից։ Այլ կերպ ասած, հայտարարություններն այն մասին, թե իրենք ժողովրդի իշխանությունն են, հպարտ քաղաքացիների ներկայացուցիչները, խոսքերը հանրության կարծիքի կարևորության մասին և այլ բլբլոցները այն ընտիր փչոցների կարգից են, որ «Իմ քայլն» իր առաջնորդի հետ հմտորեն լցնում է հպարտ քաղաքացիների ականջը։

Բավական է հիշել թեկուզ մի քանի դրվագներ 2019-ից, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես էր ընթանում աշխատավարձի ոչ պաշտոնական հավելումների «լեգալացման» գործընթացը, որպեսզի զգանք բուն իրավիճակի և առանձնապես իշխանության կուսակցության վարչության  որոշ իմքայլականների ողջ ցինիզմը։ Օրինակ՝ գլխավոր կոկորդիլոսագետ և համատեղության կարգով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որն այդ պաշտոնում մի քանի ամիս աշխատելուց հետո ինքն իրեն պարգևատրում դուրս գրեց դրույքը  գերազանցող չափով (660 հազար դրամ), և որը սկանդալի թեժ պահին այն ժամանակ հայտարարեց լրագրողներին, որ 2019-ին… պարգևավճարներն ավելի մեծ են լինելու…

Հարկ է արժանին մատուցել իշխանության կուսակցության վարչության անդամին, որն ի տարբերություն այլ խոստումների, այս անգամ խոսքի տերը եղավ։ 2019 թվականին պետական իշխանության մարմիններում պարգևատրումները կազմեցին 33 միլիոն դոլար։ Սա, ի դեպ, պաշտոնական տեղեկատվությունն է։ Ոչ պաշտոնական տվյալներով, անցած տարի հատկացված պարգևավճարների ծավալը հասնում է 50 միլիոն դոլարի։

Բայց վերադառնանք պաշտոնյաների աշխատավարձի հավելավճարների լեգալացման գործընթացին։ 2019 թվականի փետրվարին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պարգևավճարներին, հայտարարեց, թե իբր՝ այն, ինչ ասվել է հանրության կողմից  հունվարի սկզբին, արդարացի է, բայց… պետք է ըմբռնումով մոտենալ այն անհրաժեշտությանը, որ պետք է ինչ-որ կերպ փոխհատուցել նախկինում ցածր աշխատավարձի հետ ծրարով տրվող հավելումները, բիզնեսը պետծառայության հետ համատեղելու անհնարինությունը։ Ճիշտ է, նա չասաց, թե ինչու հեղափոխություն անող մարդիկ, որ անձնուրաց ձգտում էին գալ իշխանության և ազնվորեն, հավատարիմ ու նվիրված ծառայել ժողովրդին և հայրենիքին (համենայն դեպս այդպես էր մատուցվում հպարտ քաղաքացիներին), հասարակությունից ծածուկ էին պահել, որ իրականում հույս ունեին ստանալ այն ամենը, ինչի դեմ պայքարում էին։ Եվ փաստորեն պատրաստ չեն աշխատել առանց աստղաբաշխական փոխհատուցման։

2019-ի ապրիլին բռնկվեց նոր սկանդալ, երբ մակերես ելավ տեղեկատվությունը նախարարություններում տրված միլիոնանոց պարգևավճարների մասին. նախարարներից, գերատեսչությունների ղեկավարներից մինչև քարտուղարուհիներ։ Ցինիկ հայտարարությունների նոր պարույր հնչեցրին արդեն գլխավոր ֆիսկալային պաշտոնյաները, թե իբր՝ փոխարենը ժողովուրդը հիմա բացահայտ խոսում է այդ մասին, քննարկում, վրդովվում… Ո՛չ օրենքի, ո՛չ էլ բարոյականության տեսանկյունից խնդիրներ չկան, հարցը հասարակայնության ընկալումն է, որը պետք է հասկանա, որ պետծառայության առաջնագծում կանգնած հարկայինները պիտի արժանավայել աշխատավարձ ստանան, բացատրում էր ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանը։ Իբր, հարկայինը առավել կարևոր ու անհրաժեշտ մասնագետ է, քանզի ապահովում է բյուջեի եկամտային մասը, որից վարձատրվում են ուսուցիչները, բժիշկները, ինժեներները և այլ մարդիկ, որոնց «բախտն այդչափ չի բերել» մասնագիտության առումով։ Իբր, հարկայինի լավ աշխատանքից է կախված, թե կավելանա՞ արդյոք հետագայում ուսուցչի, բժշկի, ինժեների աշխատավարձը։ Նույն հաջողությամբ կարելի է պնդել, թե ուսուցչի լավ աշխատանքից է կախված, թե կլինեն արդյոք երկրում լավ, բարձր պրոֆեսիոնալ հարկայիններ։ Այն սրճարանի խոհարարից, որտեղ ճաշում է հարկայինը, կախված է վերջինիս ինքնազգացողությունը։ Բժշկի լավ աշխատանքից է կախված նրա առողջությունը… Եվ չնայած իշխանությունը համառորեն փորձում էր հպարտ քաղաքացիների գլուխը մտցնել, թե մեր չափանիշներով ահռելի պարգևավճարների հարցն ընկած չէ բարոյական հարթությունում, այդուհանդերձ կասկածից վեր է մեկ բան. յուրաքանչյուրը (մարդը, իշխանությունը), ելնելով արժեքների սեփական չափորոշչից, բարոյականության անձնական սանդղակից, ինքն է որոշում, թե որտեղ է գիծը և արդյոք ինքը անցնելու է դա, թե ոչ։

Դե, իսկ հոկտեմբերին բռնկվեց ևս մեկ սկանդալ, կապված նախարարների, նրանց տեղակալների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու հետ։ Շրջանցելով ԱԺ-ն։ Վարչապետի գաղտնի հրամանով։ Այն ժամանակ hetq.am պարբերականին հայտնի դարձավ, որ նախարարները կրկնակի բարձրացված 1,5 մլն դրամ աշխատավարձ են ստանում ապրիլ-մայիսից։ Ավելի ուշ հաջորդեց հրապարակայնության և թափանցիկության համար պայքարող Փաշինյանի տարօրինակ բացատրությունը, թե իբր՝ իր հրամանը «Գաղտնի» կնիքի տակ է արձակվել լոկ… իներցիայի պատճառով, քանի որ նախորդ կառավարության օրոք այդպես են ընդունվել պարգևատրման մասին բոլոր որոշումները և ընթացակարգը մնացել է առաջվանը։ Իսկ ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ապա դա արվել է պարգևատրումային ֆոնդերի հաշվին, որոնք խորհրդարանը հաստատել է 2019-ին՝ բյուջեի հետ մեկտեղ, նշեց վարչապետը։ Թե ինչպես կարող է բարձրաստիճան պաշտոնյան պարգևատրումներ ստանալ ամեն ամիս, երբ օրենսդրաբար ամրագրված է, որ պարգևատրումներ տրվում են տարվա մեջ առավելագույնը 4 անգամ, նա չասաց։

Մի խոսքով, սկանդալները՝ սկանդալներ, իսկ նախարարներն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաները շարունակում են ստանալ կրկնապատկված աշխատավարձեր, պարգևավճարներ, խրախուսումներ… Ավելին, Կապանում Փաշինյանի ասուլիսի ընթացքում պարզվեց. վարչապետին զայրացնում է, որ «նոր Հայաստանի» նվաճումների երրորդ հարյուրյակում ընդգրկված այնպիսի դրական փաստը, ինչպիսին նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների պարգևավճարներն ու աշխատավարձերի բազմապատիկ բարձրացումն են, որպես բացասական է ներկայացվում այդ քայլի ողջ հեղափոխականությունը չհասկացող որոշ անձանց կողմից։ «Պաշտոնյաների աշխատավարձի հարցը որոշվեց, որպեսզի նրանք 100% -ով կենտրոնանան քաղաքացիների, Հայաստանի ժողովրդի կարիքների լուծման վրա: Եթե դա իմ կամ կառավարության որոշման տիրույթում լիներ, ես կբարձրացնեի Երևանի քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձը։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Երևանի ավագանին դա կանի, որովհետև քաղաքապետի և նրա տեղակալների աշխատանքը արժանի է դրան»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Կապանում 2020թ. հունվարի 25-ին։

Իսկապես, նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերի հարցը լուծվել է 100 և ավելի տոկոսով։ Ինչը բնավ չես ասի սովորական մահկանացուների, ներեցեք, հպարտ քաղաքացիների աշխատավարձերի և կենսաթոշակների մասին։ Նրանց դեպքում խոսքը լոկ չնչին գրոշների մասին է, որոնք ոչ մի կերպ չեն անդրադառնում կյանքի որակի վրա։ Այնպես որ վերջիններիս համար մեծագույն ցանկության դեպքում անգամ բավական դժվար է հասկանալ այդ քայլի հեղափոխականությունը։ Բարդ է ըմբռնումով վերաբերվել նախարարի աշխատավարձը (պարգևավճարները, խրախուսումները. անվանեք ինչպես կամենաք, էությունը չի փոխվում) մինչև 1,5 մլն բարձրացնելուն, երբ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ և դեղորայք գնելիս հաշվում ես գրոշներն ու որոշում դրանց առաջնահերթության աստիճանը։

Ուշադրություն դարձրեք. Կապանում Փաշինյանի արած հայտարարության և հոդվածի ամենասկզբում մեջբերված Մակունցի խոսքերի միջև ժամանակային տարբերությունը մեկ տարի է։ Այդ ժամանակահատվածում իշխանավորներն ակներևաբար ցույց տվեցին իրենց իրական վերաբերմունքը հասարակայնությանը, ժողովրդի կարծիքին, որի անվան հետևում են մշտապես թաքնվում։