Զախարովա․ ՌԴ-ն հետաքրքրված է Երևանում և Բաքվում կայունությամբ

ՌԴ-ն, պաշտպանելով իր ազգային շահերը, չափազանց հետաքրքրված է Հայաստանում և Ադրբեջանում կայունությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում:

«Այսօրվա իրավիճակի եզակիությունը կայանում է նրանում, որ սեփական ազգային շահերի առկայության դեպքում մեզ համար առաջնահերթ է Հայաստանում և Ադրբեջանում կայունությունը, և նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային կարևորություն ունեն»,-ասել է նա:

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի թույլ չի տալիս ինքն իրեն խաղալ այլ երկրների ժողովուրդների զգացմուքների հետ, երբեք չի զբաղվում դատարկ հռետորաբանությամբ: Նրա խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի և Հայաստանի դեպքում կարողացել է հասնել արդյունքի դիվանագիտական ջանքերի հիման վրա: Ընդ որում՝ դիվանագետը նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը հակամարտող կողմերի միջև բանակցությունների կազմակերպման գործում: «Պետք է հիշել, թե ինչ աշխատանք է կատարել մեր երկրի նախագահն անձամբ, որպեսզի մեր երկրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժամանումը հնարավոր դառնա: Ղարաբաղյան կարգավորման մասին ցանկացած զրույցը, ըստ իս, պետք է սկսել հասկանալուց և հիշեցնելուց, թե ով է իսկական ընկերը, ով՝ ոչ այնքան»,-հավելել է Զախարովան:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր առջև խնդիր էր դրել ոչ թե մտերմացնել կողմերին, այլ մշակել փաստաթուղթ, որը թույլ կտար սկսել հակամարտության կարգավորման ուղին: «Ես զգացողություն ունեի, որ նրա խնդիրը կայանում էր փաստաթուղթ ստեղծելու մեջ, որը կլիներ հենակետը այդ շատ բարդ, սակայն անհրաժեշտ ուղին սկսելու համար: Համաձայնեք՝ կողմերին մտերմացնելը և կոմպրոմիսային փաստաթուղթ մշակելը տարբեր բաներ են: Լավրովը կենտրոնացել էր երկրորդ մոտեցման վրա, դա իմ զգացողությունն է»,-պարզաբանել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես շատ բանակցություններ եմ տեսել: Ես տեսել եմ երկարատև բանակցություններ Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, դուք հիշում եք իրանական միջուկային ծրագիրը, սիրիական կարգավորումը, Ուկրաինայի մասին ես առհասարակ չեմ խոսում, ժամերով տևած մարաթոններ, որոնք շարունակվում են մինչև հաջորդ օրը,-ընդգծել է Զախարովան:-Ես ունեմ տպավորություն, որ այդ փուլում նա (Լավրով) պարզապես ներդրել է իրեն, իր ինտելեկտը, բանակցողի իր ունակությունները, իր մարդկային որակները: Պարզապես մեկ պարզ պատճառով. բոլորիս համար դա հատուկ թեմա է»:

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած խորհրդակցությունների արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի պայմանավորվածություն է ձեռքբերվել հոկտեմբերի 10-ից զոհվածների դիերն ու ռազմագերիներին փոխանակելու հումանիտար նպատակով, տեղեկացնում է News.am: