Լոս Անջելեսի հայությունը երթ և բողոքի ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև

ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև:

Մինչ հյուպատոսություն հասնելը հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո,- գրում է abc7 հեռուստաալիքը:

Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:

Ցուցարարները ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկում՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», փոխանցում է ktla հեռուստաալիքը:

«Համախմբվելով այսօր որպես համայնք՝ համերաշխությամբ, մենք հույս ունենք ցույց տալ միջազգային համայնքի գործելու կարիքը, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու և այդ երկրների հանդեպ անհապաղ պատժամիջոցներ կիրառել կարիքը»,- ասել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ալեքս Գալիցկին, տեղեկացնում է News.am-ը։