ԵԽԽՎ–ում կոչ են արել ապահովել միջազգային դիտորդների անվտանգությունն Արցախում

Անհրաժեշտ է միջազգային դիտորդների և ԶԼՄ–ների հասանելիությունն ապահովել ԼՂՀ հակամարտության գոտում և երաշխավորել նրանց անվտանգությունը, ԵԽԽՎ մշտական կոմիտեի առցանց նիստի ժամանակ նման հայտարարություն է արել մոնիթորինգի գծով ԵԽԽՎ կոմիտեի ղեկավար Օստրուպ Յենսենը։

«Այժմ չափազանց կարևոր է, որ երկու կողմերը պարտավորություն ստանձնեն ստեղծված իրավիճակից խաղաղ ճանապարհով ելք գտնելու համար և վերադառնան այդ հարցի քննարկմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ու Մադրիդյան սկզբունքների պահպանմամբ», – ասել է Յենսենը։

Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է պնդի, որ կողմերը ստանձնեն ամենալուրջ պարտավորությունները ստեղծված իրավիճակի վերանայման և վստահության վերականգնման, ինչպես նաև այդ երկրների բնակչության միջև փոխըմբռնման համար։ Քանի որ առանց դրա այս հակամարտությունը երբեք լուծում չի ստանա։

«Անհրաժեշտ է ապահովել միջազգային դիտորդների և ԶԼՄ–ների հասանելիությունը հակամարտության գոտի և երաշխավորել նրանց անվտանգությունը», – հավելել է խորհրդարանականը։

Նշենք, որ ավելի վաղ ելույթ ունենալիս նա դատապարտել էր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի հռետորաբանությունն ու կոչ արել Անկարային դադարեցնել սադրիչ գործողությունները, տեղեկացնում է Sputnik Armenia։