Նուբար Աֆեյան. Հայերը կրակի տակ են․ ո՞վ կօգնի

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտուց New York Times-ի թղթակցությանը՝ նամակ ուղարկելով թերթի խմբագրություն:

«Լեռնային Ղարաբաղում հայերի վրա հարձակումների սրման վերաբերյալ ձեր հոդվածը սարսափով համակեց ինձ:

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները և Ստեփանակերտում քաղաքացիական անձանց շարունակական ռմբակոծությունները վկայում են այն մասին, որ Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայ ժողովուրդը բախվում է իրական սպառնալիքի: Անկախ նրանից, արդյոք Միացյալ Նահանգները և Ռուսաստանը բռնությունը ճնշելու համար կմիջամտեն, ամբողջ աշխարհում խոցելի մարդկանց համար հետևանքներ կան: Երբ համաշխարհային տերությունները միջամտում են, որպեսզի դադարեցնեն կատարվող դաժանությունները, դա ազդանշան է ուղարկում ագրեսորներին, որ անընդունելի է հողերի բռնակցումը կամ մարդկանց և մշակույթի ոչնչացումը:

Հիտլերը, ներկայացնելով զանգվածային ոչնչացման իր ծրագիրը, մտածում էր այն մասին, որ պատմությունը մոռանում է նման վայրագությունների մասին: Անդրադառնալով օսմանյան թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությանը՝ նա, ինչպես հայտնի է, հարց է տվել. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Մոտ 30 տարի Հայաստանը գոյություն է ունեցել որպես նոր անկախ հանրապետություն, և ամբողջ աշխարհում հայ ներգաղթյալները, նրանց թվում՝ ես, տասնամյակներ և զգալի ռեսուրսներ են ծախսել սոցիալական, տնտեսական և հումանիտար զարգացմանը նպաստելու համար, որպեսզի օգնեն Հայաստանին վերածնվել և բարգավաճել: Աղքատ երկրում, որն արդեն ծնկի է եկել համավարակի պատճառով, առաջընթացն անշեղորեն դանդաղում է:

Կմիջամտի՞ արդյոք Ամերիկան, որպեսզի կանխի նման վայրագությունը»,- նշել է նա, տեղեկացնում է News.am: