Արծրուն Հովհաննիսյան. Տասներկու անգամ շատ են, բայց ճեղքում չեն կարողանում անել

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը թե՛ տեխնոլոգիապես, թե՛ քանակապես գերազանցում են հայկական զինված ուժերին, սակայն դա նրանց գրեթե չի օգնում։

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը։

Համեմատելով երկու բանակներին` Հովհաննիսյանը նշեց, որ հարձակման որոշ կողմերում ադրբեջանական զորախմբերը տասներկու անգամ շատ են եղել նրանց դիմաց կանգնած հայկականներից։

«Տասներկու անգամ շատ են եղել, հասկանո՞ւմ եք` դա ինչ է։ Նման բան ռազմի պատմության մեջ գրեթե չի եղել կամ շատ հազվադեպ է եղել։ Ու չնայած դրան առաջին յոթ օրը նրանք չեն կարողացել ոչ մի տեղով առաջ գնալ, իսկ մնացած քսան օրերին ընդամենը օրական 1-2 կմ են առաջ եկել», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդի բանակը ոչ միայն քանակով է գերազանցում հայկականին, այլև զինվորական տեխնիկայով։

«Արցախում այժմ կիրառվում է այնպիսի տեխնիկա, որը գերտերություններն են կիրառում։ Հակառակորդը բարձր տեխնոլոգիաներով բանակ ունի, դա մենք երբեք չենք թաքցրել, բայց անգամ դրանով չի կարողանում ճեղքում անել։ Տասը հազարանոց զորախումբ, հարյուր տանկերով, երեք հարյուր հրետանիով, հատուկ գրոհայիններով՝ և դասական առումով չեն կարողանում ճեղքել, անցնել առաջ», – ասաց ՊՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Անդրադառնալով ադրբեջանական բանակի օդային հարձակման միջոցներին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց.

«Եղել է, որ մեր ուղղությամբ միաժամանակ հազարից ավելի թռչող սարք են ուղարկել` ԱԹՍ–ներ, հրթիռներ։ Իսկ հակաօդային սարքերը միաժամանակ կարող են երկու ԱԹՍ հարվածել։ Ֆիզիկան էլ ԱԹՍ–ի կողմից է` դրանք փոքր են, արագաշարժ և շատ։ Դրա համար, երբ ես ասում եմ, որ մեր տղաները, մեր բանակը հերոսություններ են անում, դրանք դատարկ խոսքեր չեն, զինվորական գործից հասկացողները դա լավ գիտեն», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ղարաբաղում ընթացող պատերազմը իր ուժգնությամբ համեմատելի է ԱՄՆ–ի կողմից Իրաքի դեմ մղած օպերացիային։

«Եվ այս ամենի հետ մեկտեղ, նրանք հարավում, որ այդքան ծանր մարտեր են տանում, չեն կարողանում առաջ գալ։ Ձախ թևը պաշտպանված է Արաքսով, դա էլ պետք է իրենց օգտին լիներ, բայց ոչ` հենց աջ են գալիս, քթները ջարդվում է», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։