ԱՄՆ սենատոր. Միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Էդվարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել անհապաղ հրադադրի հասնել Լեռնային Ղարաբաղում և ձգտել ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով լուծման:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Պոմպեոն առանձին-առանձին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Սենատորը նկատել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանխագահող երկրների՝ սկզբում Ռուսաստանի, ապա Ֆրանսիայի մարդասիրական զինադադարի առաջարկները միանգամից խախտվել են: Մարտերը խլել են հարյուրավոր քաղաքացիական անձանց կյանքեր: Սենատորը շեշտել է նաև, որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվելու համար բերել է նաև սիրիացի վարձկանների:

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնց ամբողջությամբ աջակցում է Թուրքիան, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ն աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է նպաստել բանակցություններին: Հաջող զինադադարի և խաղաղության հասնելու համար այլ կողմերը, ինչպիսին Թուրքիան է, պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները և ռազմական միջամտությունը: ԱՄՆ-ն պետք է անմիջապես հասնի շփման գծում հրադադարի և շտապ վերադարձի բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ: Քանի որ Ադրբեջանը շարունակում է հակամարտությունը ապօրինի ռազմական ուժի միջոցով լուծելու իր փորձերը, միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»,- ասել է սենատորը:

Նա նաև նշել է, որ Պոմպեոն պետք է հասկացնի, որ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը ամբողջությամբ կկիրառվի, և այդպիսով ԱՄՆ-ն կդադարեցնի անվտանգության ոլորտում աջակցությունն Ադրբեջանին: Հայտարարությունում նաև ասվում է դեռ ավելին, Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Թրամփը, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ սերտ կապեր են հասատատել, պետք է հասկացնեն իրենց ավտորիտար ընկերոջը, որ այս հակամարտությունում հետագա ներգրավումը Թուրքիայի համար կարժենա ռազմական օգնության և ջերմ հարաբերությունների դադարեցում: