Գուտերեշ. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ Եմենից և Լիբիայից մինչև Աֆղանստան և Լեռնային Ղարաբաղ, հրադադարի կոչ է անում՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, «միակ հաղթողը կլինի համավարակը»:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը կրկնում է կրակը անհապաղ դադարեցնելու իր կոչը՝ կորոնավիրուսի ճգնաժամի հետ կապված։

«Մեզ միջազգային հանրության զանգվածային աջակցություն է անհրաժեշտ»,- ասել է նա: «Մեզ պետք է զանգվածային աջակցություն բոլոր նրանցից, ովքեր ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա, որպեսզի մինչև տարեվերջ դադարեցնեն հակամարտությունների այս բոլոր ավելի դրամատիկ իրավիճակները»:

Գուտերեշը նշել է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումը: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք »:

Գուտերեշն ասել է, որ նույնը կարելի է ասել Լիբիայի, Եմենի, Սիրիայի, Աֆղանստանի, աֆրիկյան Սահել շրջանի և այլ հակամարտությունների մասին:

«Ես այստեղ եմ՝ նրանց բոլորին կոչ անելու հասկանալ, որ պատերազմում անհնար է հաղթել»,- ասել է նա: «Միակ ճանապարհը ուժերը միավորելն է` զինադադարի, քաղաքական բանակցությունների և COVID-ի դեմ հաղթանակի համար: Եթե ոչ, ապա միակ հաղթողը համավարակն է»:

Գուտերեշը նշել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությունները չեն կարողացել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Նա հույս է հայտնել, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումներից հետո հրադադար կհաստատվի:

ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, որ ուժերի ավելի քիչ հստակ գլոբալ հարաբերակցության պատճառով «մի շարք փոքր և միջին խաղացողներ սկսել են շատ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել հակամարտությունների ստեղծման կամ հակամարտության կողմերին աջակցելու հարցում»: Գուտերեշը հույս է հայտնել, որ առանցքային հակամարտությունների վրա Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Բրիտանիայի և Ֆրանսիայի միասնությունը «կօգնի մեզ ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր դեռ չեն հավատում, որ ոչ ոք չի կարող հաղթել պատերազմում»: «Միակ ճանապարհն է՝ պատերազմը դադարեցնել, քաղաքական գործընթաց սկսել և թույլ չտալ, որ COVID-ը միակ հաղթողը լինի», տեղեկացնում է News.am-ը: