«Հրապարակ». ԱՄՆ-Ն ՀՈՒԼԻՍԻ՞Ց Է ՏԵՂՅԱԿ ԵՂԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դեմ:
Սակայն նրանք որոշ հարցերում սխալվում են՝ դեգերելով ԶԼՄ-ների տիրաժավորած կարծրատիպերի հորձանուտում: Իրականում, հայ-ադրբեջանական բախումները միայն ծածկույթ են ներկա զարգացումներում։ Արժե, որ մարդիկ տեղեկանան, որ Միացյալ Նահանգներում՝ դեռ հուլիսի տավուշյան բախումների օրերին, տեղյակ են եղել, որ Թուրքիան ոչ միայն հռետորաբանությամբ, այլև ռազմական հարթությունում է ներգրավվելու Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև հնարավոր պատերազմում:
Իսկ եթե Վաշինգտոնի տեղյակ լինելու պարագայում Թուրքիան սեպտեմբերին սպառազինությամբ, ռազմական կադրերով և վարձկաններով խառնվում է Արցախում սանձազերծված պատերազմին, գոնե առերևույթ նշանակում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի կանգնեցրել: Ինչո՞ւ:
Սա էական հարց է։ Հարց կծագի՝ որտեղի՞ց նման տեղեկություն, որ ԱՄՆ-ում հուլիսից տեղյակ են եղել, թե Թուրքիան կարող է խառնվել առաջիկա պատերազմին Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև: Նման տեղեկացվածությունը, իմ պարագայում, բխում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարին, Պետդեպի լրատվականին, Պետդեպի Եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոյին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկված հարցերից ու ստացված պատասխաններից:
Ուղիղ հարց էի հղել․ «․․․Հնարավո՞ր է, որ դեռ հուլիսին ամերիկյան պաշտոնյաները տեղյակ էին, որ Թուրքիան ներգրավվելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի առաջիկա ագրեսիայում: Դուք կարո՞ղ եք հայտարարել, որ ամերիկյան կողմն այդպիսի իմացություն չի ունեցել»։ Պատասխանը կներկայացնենք մեր վաղվա համարում»: