Պարգև Սրբազանի կոչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն մեկ ամիս է, որ դաժան պատերազմ է գնում Արցախում: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, տեղեկացնում է News.am:

 



Նա, մասնավորապես, նշել է. «Թուրքիան իր ամբողջական ուժով ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին: Մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը:100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ: Ինչպես 1988-1990 թվականներին Սուգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ:

Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանիկ կայսրություն ստեղծել՝ պանթուրանիկ, Թուրքիայից մինչև Չինաստան: Այդ ճանապարհի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը, և այդտեղով մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը: Երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական անձինք, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ, ինչպես նաև 1990-ականնեներին, ինչպես նաև 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում:

Խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ, թե շուտ, ավարտվում են: Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ և մի օպտիմալ լուծում գտնել: Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»: