Նոր մանրամասներ վարձկանի հարցաքննությունից․ «Հոկտեմբերի 18-ի լուսադեմին Ադրբեջան հասանք» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիացի վարձկանը, որը սեփական եղբոր սպանության համար դատապարտված է եղել, ուշագրավ մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով` 250 սիրիացի վարձկաններին անցկացրել են Թուրքիայի սահմանը, թուրք զինվորականների հսկողությամբ տարել Ադրբեջան։

 

 

Չնայած միջազգային մակարդակով մի շարք պետություններ արդեն իսկ հայտնել են, որ Ադրբեջանը սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ է օգտագործում Արցախի դեմ պայքարում, սակայն պաշտոնական Բաքուն շարունակումէ պնդել, թե չկա նման բան։

ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով նոր մանրամասներ գերեվարված սիրիացի վարձկաններից մեկի հարցաքննությունից։

Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրն, օրինակ, մեկ անգամ արդեն իսկ դատապարտվել է իր երկրում` սեփական եղբոր սպանության համար։

«Գնդապետ Մահմուդի պարտականությունն էր պիտանի զինվորների գտնել և ընդհանուր առմամբ 250 մարդ ընտրվեց` նրանց բաժանելով 50–50-ական խմբերի։ Մեզ շարեցին և ոտքով գնացինք մինչև Թուրքիայի սահման։ Սահմանապահները մեզ ոչինչ չասացին, որևէ հարց չտվեցին»,–պատմում է Ալ Շխայիրը։

250 հոգուն անցկացրել են Թուրքիայի սահմանը, ոստիկանների հսկողության տակ տեղափոխել օդանավակայան ու թուրք զինվորականների հսկողությամբ բարձրացրել օդանավ։ Վարձկանի խոսքով` ինքնաթիռում թուրք զինվորական է եղել, որն արագ փակել է դուռը։ Վարձկաններին տեղափոխել են մեկ այլ օդանավակայան, որտեղից նրանք տեղափոխվել են Ադրբեջան։

«Հոկտեմբերի 18-ի լուսադեմին Ադրբեջան հասանք։ Ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ մեզ տարան տեղի զինվորական օբյեկտներից մեկը։ Մեզ զենք և ադրբեջանական ԶՈւ–ի համազգեստ հատկացրին։ Մեզ հետ էր Աբու Համշան, որին մեքենա տրամադրեցին»,–ասում է Ալ Շխայիրը։

Նա հայտնում է նաև, որ տեղում ևս 250 սիրիացի վարձկաններ կային, կային նաև 70 վիրավորված կամ սպանված սիրիացի վարձկաններ։ Ալ Շխայիրի խոսքով` Ադրբեջան հասնելուն պես արդեն իսկ պարզ է եղել, որ պետք է Ղարաբաղի դեմ կռվեն։ Նրանց ասվել է, որ ոչ մեկին չպետք է կենդանի թողնել գյուղ մտնելիս` այդ թվում խաղաղ բնակիչներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։