Իտալիայի Լոմբարդիայի շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա շրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Լոմբարդիան Իտալիայի առաջին շրջանն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին», – ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը նաև հրապարակել է լուսանկար, որում Լոմբարդիայի շրջանի 11 պաշտոնյաներ բռնում են «Այո Արցախի ճանաչմանը» իտալերեն գրությամբ պաստառը։

Լոմբարդիայի վարչական կենտրոնը Միլանն է, որը Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է։ Միլանում մոտ 1000 հայ է բնակվում։ Միլանը առանձին ընդունել էր Արցախի անկախությունը հոկտեմբերի 16-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։