Հատուկ ծառայության ղեկավարը նախազգուշացրել է Գերմանիայում իսլամիստական սպառնալիքի մասին

Գերմանիայի իրավապահ մարմինները հիմա պետք է «անչափ զգոն լինեն» ընդդեմ իսլամիստական ծայրահեղականների սպառնալիքի, հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Թոմաս Հալդենվանգը ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին։ Գերմանիայի հատուկ ծառայության ղեկավարի խոսքով՝ վերջին շաբաթների ահաբեկչությունների հետ կապված անհրաժեշտ է ուշադիր հետևել «արդեն հայտնի վտանգավոր տարրերին»։ Նրանց շարքերում, հավանաբար, կան այնպիսիները, որոնք մտածում են համանման հանցագործությունների կատարման մասին, կարծում է Հալդենվանգը, փոխանցում է DW-ն։

Հատուկ ծառայության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ գերատեսչության գնահատմամբ՝ վտանգավորության մակարդակը փոփոխություն չի կրել։ «Անցյալում ես միշտ ասել եմ, որ իսլամիստական ահաբեկչության վտանգավորության մակարդակն անփոփոխ բարձր է»,- ասել է Հալդենվանգը։ Նրա խոսքով՝ ցանկացած պահի Գերմանիայում ևս կարող է իրականացվել իսլամիստական ահաբեկչական հարձակում։

Հատուկ ծառայությունների ղեկավարը վերջին շաբաթների ահաբեկչությունների հիմնական պատճառն է համարում Ֆրանսիայում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք «ստիպել են իսլամիստների էմոցիաներին եռալ»։ Հատուկ ծառայությունները հաշվի են առնում այն փաստը, որ Գերմանիայում ևս որոշակի շրջանակներում ակտիվորեն քննարկվում են այս իրադարձությունները՝ դրսևորելով համերաշխություն, շեշտել է Հալդենվանգը։

Նախօրեին Մայնի Ֆրանկֆուրտում արգելել էին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների և ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի դեմ ցույցը։ Քաղաքային իշխանությունները մերժումը հիմնավորել էին այն հանգամանքով, որ 200 մասնակցով ցույցը սպառնում է հասարակական կարգին և անվտանգությանը։ «Ֆրանսիայում և Ավստրիայում աննախադեպ դաժան ահաբեկչություններից հետո Եվրոպան սգում է զոհերի մտերիմների հետ միասին։ Մեր լիբերալ և աշխարհի համար բաց քաղաքում հատկապես հիմա անընդունելի է Charlie Hebdo-ի դեմ ցույցը»,- շեշտել է քաղաքային խորհրդի անդամ Մարկուս Ֆրանկը։

Ֆրանկը նշել է, որ կարծիքի արտահայտման և հավաքների ազատությունը բարձրագույն բարիք է, սակայն հիմա անհրաժեշտ է թույլ չտալ իրավիճակի հետագա սրում։

Վերջին շաբաթներին Եվրոպան ցնցեց իսլամիստական ահաբեկչությունների հերթագայությունը։ Առաջինը Փարիզի արվարձանում հարձակումն էր 18-ամյա չեչեն Աբդուլլահ Ա-ն, որը Ֆրանսիայում քաղաքական ապաստան էր ստացել, պատմության ուսուցիչ Սամուել Պատիին գլխատել էր այն պատճառով, որ նա խոսքի ազատությանը նվիրված դասաժամին աշակերտներին ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները։

Մի քանի օր անց դանակով զինված տղամարդը ներխուժել էր Նիսի Նոտր Դամ կաթոլիկ բազիլիկ և հարձակվել այցելուների վրա։ Երեք մարդ զոհվել էր, ևս վեցը՝ վիրավորվել։ «Ալլահ աքբար» բղավող չարագործը ձերբակալվելիս հրազենային վիրավորում էր ստացել, ներկայումս նա հիվանդանոցում է։

Նոյեմբերի 2-ին ծագումով Հյուսիսային Մակեդոնիայից 20-ամյա տղան հրաձգություն էր կատարել Վիեննայի կենտրոնում։ Ահաբեկչության ժամանակ զոհվել էր 4 մարդ, ևս 23-ը վիրավորվել էր, տեղեկացնում է News.am։