Հայաստանը Եվրամիությանն առաջարկ է արել Ադրբեջանի մասով

Հայաստանը դիմել է Եվրամիությանը Ադրբեջանի հետ Արևելյան գործընկերության ծրագիրը սառեցնելու առաջարկով։ Այս մասին այսօր Աժ–ում հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Չեմ կարող ասել, որ ինչ-որ համաձայնություն այդ մասին արդեն ձեռք է բերվել, բայց կարող եմ ասել, որ հարցն աշխույժ քննարկվում է»,- հայտարարել է Ադոնցը` հավելելով, որ քննարկվում են մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացում առկա իրավական փաստաթղթերը։

ԱԳ փոխնախարարը ԱԺ պատգամավորներին ևս կոչ արեց հարցը բարձրացնել խորհրդարանական դիվանագիտության հարթակներում` հաջողության հասնելու համար։

Նշենք, որ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում` ԵՄ-ի և Ադրբեջանի գործընկերության ծրագրի ամփոփագրում, նշվում է էներգետիկայի ոլորտում հաջող համագործակցությունը։

Մինչդեռ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում արձանագրվում է զգալի աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia: