Զինծառայողների դիերն Ադրբեջանից Հայաստանին հանձնելու ողջ ընթացը տեսաձայնագրվել է

Ադրբեջանի կողմից հայկական կողմին զոհված հայ զինծառայողների դիերը հանձնելու պահից սկսած՝ ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ հիշեցնելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը չէր ընդունել իրեն ուղղված՝ հայ զինծառայողների դիերի խոշտանգումների մեղադրանքը:

«Դիերը տեղում ներկաների մասնակցությամբ արտաքին զննություն են անցել: Դիերը նաև լուսանկարահանվել են: Հետո կնիքված աճյունները տեղափոխվել են դատաբժշկական փորձագիտական կենտրոն, որտեղ բացվել են: Այդ ընթացքում որևէ միջամտություն բացառվում է: Այս ամենը կատարվում է այն նպատակով, որ ադրբեջանական կողմը չկարողանա ասել՝ ինչպես կարող եք ապացուցել», - մանրամասնեց Վարդանյանը:

ՔԿ պաշտոնյան ընդգծեց, որ բոլոր ապացույցները ամբողջությամբ ֆիքսվել են, տեղեկացնում է Aysor.am: