Բունդեսթագի ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը

Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը հանդես է եկել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցման պահանջով:

«Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի այս երկրում «Գորշ գայլերի» հովանոցային կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը »,-նշել է Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը:

Դաղդելենը նշել է, որ քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը: «ADÜTDF»- ը ծայրահեղ աջակողմյան, ծայրահեղ ազգայնական խոշոր կազմակերպություն է, տարբեր գնահատականներով ունի մոտավորապես 7 հազար անդամ:

«Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ միասին սերտ կապեր ունեն ահաբեկիչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ: Իսլամիստական և ֆաշիստական կազմակերպությունների նկատմամբ պետք է զրոյական հանդուրժողականություն լինի մեր երկրում: Դրա համար պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելացրել է Դաղդելենը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Մուսա Դարմանեն 2020թ. նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ Ֆրանսիայում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվել է: