Նաիրա Զոհրաբյան. Ինչ ցավ եղավ, բավարար է, քաղաքացիական պատերազմ թույլ չենք տալու

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոստացված` Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնության ապավավերականացնելու նախագիծը դեռ պատրաստ չէ, իրավիճակից ելքը դեռ հայտնի չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը։

«Գիշերը Գագիկ Ծառուկյանը Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, թե ինչ են խոսել` ինձ հայտնի չէ։ Եթե ինձ հարցնում եք` ելքը որն է, ես չգիտեմ։ Առաջին քայլը պետք է լինի ռազմական դրության չեղարկումը, դրանից հետո` մյուս քայլերը», – ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը այժմ բանակցում է «Լուսավոր Հայաստանի» հետ` ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Սակայն ընդդիմադիրներին պետք կլինեն «Իմ քայլի» պատգամավորների ստորագրությունները ևս, քանի որ այլապես քվորում չի ապահովվի։

Ի տարբերություն ՀՀ նախագահի` ԲՀԿ–ն մամուլից չի իմացել տարածքների հանձման հայտարարության գոյության մասին։

«Մեկ օր առաջ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը գրավոր դիմել էին Նիկոլ Փաշինյանին` հանդիպելու համար։ Մենք գիտեինք, որ մի բան այն չէ, իսկ ժողովուրդը` ոչ, քանի որ իրեն մատուցվում էին Արծրուն Հովհաննիսյանի ռաֆինացված, զտված տեղեկությունները։ Փաշինյանը խոստանում էր Արցախի հարցով հրապարակում որոշում կայացնել` երեք միլիոնանոնց ժողովրդի ներկայությամբ։ Ո՞ւր մնաց այդ ամենը», – ասաց Զոհրաբյանը։

Նա կոչ արեց Փաշինյանին կոչերով հանդես չգալ և ժողովրդի մեջ պառակտում չմտցնել։

«Ինչ ցավ եղավ այս ժողովրդին, բավարար է, քաղաքացիական պատերազմ թույլ չենք տալու», – ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, տեղեկացնում է Sputnik Armenia։